Մատչելիության հղումներ

Ստուգումները բացահայտում են Պետեկամուտների կոմիտեի «մեղմ» վերաբերմունքը խոշոր հարկատուների նկատմամբ


Կառավարության նիստ
Կառավարության նիստ
Հինգշաբթի օրը կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը քննադատության ենթարկեց Պետական եկամուտների կոմիտեի գործունեությունը:

Վարչապետը նախ հրապարակեց ուշագրավ տվյալներ. 2009 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ ավելի քան 80 տոկոսով ավելացել է Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից անցկացվող ստուգումների թիվը, մինչդեռ դրանց արդյունքում առաջադրված հարկային մուծումների գումարը 25 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից:

«Մտահոգիչ» բնութագրելով նշված ցուցանիշները՝ Տիգրան Սարգսյանը մանրամասնեց` եթե անցած տարի` 2008-ի համեմատ, երկրի 325 խոշոր հարկատուների մոտ ստուգումների քանակը ավելացել է 30%-ով, ապա փոքր բիզնեսի` այսինքն մինչեւ 58.3 միլիոն դրամ շրջանառություն ունեցող հարկատուների մոտ, ստուգումների քանակը ավելացել է 70%-ով, իսկ մնացած բոլոր հարկատուների` այսինքն, ըստ էության, միջին բիզնեսի մոտ, 250%-ով։

«Ստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ գումարները, վճարված հարկեր հարաբերակցությունը խոշոր հարկատուների մոտ չորս անգամ պակաս է, քան մյուս բոլոր հարկատուների մոտ: Ստացվում է, որ մենք խոշորների վերաբերյալ ավելի մեղմ մոտեցումներ ունենք, քան փոքրերի», - հայտարարեց վարչապետը:
Տիգրան Սարգսյան. Ստուգումների քանակը ավելացնելով՝ մենք ընդամենը ավելացնում ենք տասնյակ հազարավոր ձեռնարկությունների դժգոհությունը պետության նկատմամբ ...


Այսինքն` եթե որեւէ փոքր կամ միջին հարկատու տարեկան վճարել է իր հարկը, ստուգումների արդյունքում նրան լրացուցիչ առաջադրվել է վճարված հարկի 10.5%-ը կազմող գումար` հարկ, իսկ խոշոր բիզնեսի պարագայում այդ թիվը 2.3% է` ավելի քան 4 անգամ պակաս։

«Համախառն ներքին արդյունքի աճը, որ մենք այսօր ունենք, ավելի շատ պայմանավորված է մեր մակրոտնտեսական գրագետ քաղաքականությամբ, ընդլայնողական քաղաքականությամբ: Բայց միկրոմիջավայրը մենք պետք է բարելավենք: Իսկ ստուգումների քանակը ավելացնելով մենք միկրոմիջավայր չենք բարելավում: Մենք ընդամենը ավելացնում ենք դժգոհությունը, տասնյակ հազարավոր ձեռնարկությունների դժգոհությունը պետության նկատմամբ, որովհետեւ մենք չենք կատարում մեր խոստումը», - նշեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքից հետո Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ցանկացավ ինչ-որ բան ասել, սակայն Տիգրան Սարգսյանը առարկեց` թե ելույթ ունենալ կարելի է միայն կառավարության նիստի այսօրվա օրակարգի վերաբերյալ։ Իսկ երբ Խաչատրյանը փորձեց շարունակել, վարչապետը ընդհատեց նրան. - «Ես ձեզ ձայն չեմ տվել, պարոն Խաչատրյան: Ես ձեզ ձայն չեմ տվել»:

Իր խոսքում Տիգրան Սարգսյանը նաեւ հայտարարեց. - «Բերվածը վկայում է, որ մեզ մոտ իսկապես արդյունավետության տեսակետից խնդիր կա, եւ հիմնական սլաքը քննադատության, ես կարծում եմ, պետք է ուղղել դեպի Ֆինանսների նախարարություն: Որովհետեւ Ֆինանսների նախարարությունը պետք է լինի պատասխանատու քաղաքականության համար, եւ կարծում եմ, Ֆինանսների նախարարության դերակատարությունը պետք է ավելանա, որովհետեւ մեր կողմից ստանձնված ռեֆորմների ժամանակացույցը, ինչի մասին արդարացիորեն խոսում են ձեռներեցները, չի կատարվում»:

Ըստ պաշտոնական տվյալների` 2009 թվականին, Հայաստանի 300 խոշոր հարկատուների վճարած հարկերը, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել են շուրջ 18%-ով։ Անցած տարի հարկային մարմինների հավաքագրած 520 միլիարդ դրամ հարկերից եւ տուրքերից 232 միլիարդը կամ 44%-ը պետբյուջե են վճարել Հայաստանի 100 խոշոր հարկատուները։

Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը վարչապետի հրապարակած տվյալների վերաբերյալ կարծիք հայտնելու՝ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին ի պատասխան ասաց. - «Կհրապարակվի, կուսումնասիրենք, այն ժամանակ էլ կարծիք կհայտնենք»:

Երեւանյան առեւտրի ու սպասարկման սրահների տերերից ոչ մեկը չցանկացավ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցել այս հարցի վերաբերյալ՝ անգամ անձը չնշելու պայմանով։

Այս կապակցությամբ փոքր ու միջին բիզնեսի շահերի պաշտպանությամբ զբաղվող «Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը ասաց. - «Վախենում են: Այսօր հարցազրույց կտան, վաղը մոտները կմտնեն ստուգման: Դամոկլյան սրի նման է կախված. այդ ստուգումները կյանքները կերան»:

«Հարկային ստուգումները շատ են շատացել», - շարունակեց Գեւորգյանը։ - «Կառավարությունը պետք է մի քիչ ավելի ազատ թողնի փոքր բիզնեսը: Եթե ես լինեի, փոքր բիզնեսը կազատեի հարկերից: Եթե մարդը կարողանում է 4-5 հոգու համար Կենսաթոշակային հիմնադրամի գումար մուծել, իր ընտանիքը պահել, մի 5 աշխատող էլ հետը պահել՝ նրանց ընտանիքներն էլ հետը, դա արդեն երկրի համար շատ մեծ օգնություն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG