Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը հայ-թուրքական սահմանի բացման հնարավորություն տեսնում է


Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե չի բացառվում, որ հայ-թուրքական սահմանը բացվի մինչեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացումը:

Հանրապետականի փոխնախագահի խոսքով, Թուրքիան այդ քայլին գնալու է միջազգային ճնշումների ներքո: Այն, որ Թուրքիան այժմ ցայտնոտային վիճակում է, Գալուստ Սահակյանի համոզմամբ, փաստեց նաեւ Ռեջեփ Էրդողանի արած այն հայտարարությունը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարագանա, եթե հայկական ուժերը ետ քաշվեն Ղարաբաղի հարակից երկու շրջանից։

«Թուրքական կողմն ասում է՝ Աղդամն ու Ֆիզուլին թող տան՝ սահմանը կբացեն։ Մենք դրան էլ չենք գնալու, որովհետեւ եթե խոսքը Ֆիզուլիի, Աղդամի մասին է, նորից բնորոշումը հետեւյալն է. նախ եւ առաջ Ղարաբաղի կարգավիճակը՝ մեր գաղափարախոսությամբ», - նշեց Գալուստ Սահակյանը։

Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե վաշինգտոնյան հանդիպումներից հետո ամրապնդվեցին հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների պատկերացումներն ու մոտեցումները: Բայց երբ հանրապետության նախագահը պահի եւ ժամանակի իմաստով անհրաժեշտ համարի, համապատասխան որոշման մասին կիրազեկի հանրությանը։

Հարցին, թե արդյոք Հանրապետական կուսակցությունը տեղյակ է, թե ինչ որոշում է կայացրել Սերժ Սարգսյանը եւ արդյոք այն քննարկվել է Հանրապետականի քաղաքական խորհրդում, Գալուստ Սհակյանը պատասխանեց, թե իրենց խորհրդում նախագահի որոշումը դեռ չեն քննարկել, եւ հենց այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանը չհրապարակեց այն: Հետեւաբար, նախագահի որոշման մասին հանրությունը կիրազեկվի այն ժամանակ, երբ այն կքննարկվի իշխող կուսակցության քաղաքական խորհրդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG