Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությանը ԵԽԽվ-ի նախագահի այցի ընթացքում եւս չի հաջողվել հանրահավաք անցկացնել


Իրավապահները խոչընդոտում են «Մուսաֆաթ»-ի ցույցի անցկացումը, Բաքու, 14-ը ապրիլի, 2010թ.

Իրավապահները խոչընդոտում են «Մուսաֆաթ»-ի ցույցի անցկացումը, Բաքու, 14-ը ապրիլի, 2010թ.

«Մուսաֆաթ» կուսակցությունը չորեքշաբթի օրը Բաքվի կենտրոնում` քաղաքապետարանի շենքի դիմաց փորձել է բողոքի ակցիա անցկացնել. քաղաքապետարանը տարիներ շարունակ թույլտվություն չի տալիս, որ ընդդիմությունը հանրահավաքներ անցկացնի, եւ «Մուսաֆաթ»-ը բողոքում էր նման իրավիճակի դեմ։

Չորեքշաբթի օրվա հանրահավաքը նույնպես արտոնված չէր: «Թուրան» գործակալության փոխանցմամբ` ոստիկանությունը բռնություններ գործադրելով, ծեծելով, հրմշտելով ցրել է հավաքի մասնակիցներին։ Մոտավորապես 40 մարդ բերման էր ենթարկվել:

Երեկոյան մամուլի ասուլիս է տվել Բաքու այցելած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն։ Նրան հարց են տվել «Մուսաֆաթ»-ի բողոքի ակցիայի մասին։ Չավուշօղլուն ասել է, թե բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել։

«Պետք է հարգել հավաքներ անցկացնելու ազատությունը, բայց`գործող օրենքի ներքո», - հայտարարել է ԵԽԽՎ-ի նախագահը։

Նա ասել է, թե իշխանություններին ու ընդդիմությանը առաջարկել է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քննարկել ու որոշել հավաքների անցկացման վայրերը:

Մեւլյութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն «ավելի ժողովրդավարական, ավելի թափանցիկ, քան նախորդները»:

Նա նշել է, որ եկող տարի լրանում է Եվրախորհրդին Ադրբեջանի անդամակցության 10 տարին, եւ ընդգծել է, թե Ադրբեջանի կողմից ամենամեծ նվերը կլինի ժողովրդավարական ու թափանցիկ ընտրություններ անցկացնելը:

Ադրբեջանը եւ Հայաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցել են միաժամանակ։ Ըստ դեռեւս չհաստատված լուրերի` մայիսին նախատեսվում է Չավուշօղլուի այցելությունը Երեւան:

Բաքվում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, իրավապաշտպանների հետ։

Խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանն էլ ԵԽԽՎ-ի նախագահն ասել է, թե ժողովրդավարությունը երկար ու դժվարին գործընթաց է, եւ որ «ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նաեւ իշխանությունները պետք է փորձեն բարելավել իրավիճակը երկրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG