Մատչելիության հղումներ

Մեկնարկում են «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների բողոքներով դատավարությունները


Երեւան, 1-ը մարտի, 2008թ.

Երեւան, 1-ը մարտի, 2008թ.

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով զոհվածների հարազատների բողոքները, որոնցով նրանք վիճարկում են սպանությունների հանգամանքների բացահայտման հարցում Հատուկ քննչական ծառայության ու Գլխավոր դատախազության անգործությունը: Դատավարությունները կսկսվեն ուրբաթ օրվանից:

Զոհվածների հարազատները համոզված են, որ քննչական մարմինը երկու տարի շարունակ անգործություն է ցուցաբերում եւ չի բացահայտում իրենց որդիների սպանությունների հանգամանքները: Հատուկ քննչական ծառայության անգործությունը վերացնելու պահանջով նրանք նախ դիմել էին Գլխավոր դատախազություն, սակայն դատախազությունը մերժել էր դիմումը` անհիմն լինելու պատճառաբանությամբ, եւ այժմ գործը մտել է դատարան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց բողոքարկող կողմի շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը, ուրբաթ օրը նախատեսված է նախ` մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված Գրիգոր Գեւորգյանի, Հովհաննես Հովհաննիսյանի ու Սամվել Հարությունյանի հարազատների բողոքի քննությունը, այնուհետեւ կմեկնարկի զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի հարազատների բողոքի գործով դատական առաջին նիստը, իսկ երկուշաբթի օրը կսկսվի «Չերյոմուխա - 7» հատուկ միջոցի կիրառման հետեւանքով զոհվածների` Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի եւ Գոռ Քլոյանի հարազատների բողոքի քննությունը:

Մարտի 1-2-ի դեպքերի 10 զոհերից 9-ի հարազատներն են դիմել դատարան` 4 խումբ բողոք-դիմումներով: Դիմումները տարբերակվել են ըստ առանձնահատկությունների:

«Տիգրան Աբգարյանը Ներքին զորքերի զինծառայողն է, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Գոռ Քլոյան` նրանց մարմնից հայտնաբերվել է «Չերյոմուխա - 7» գազային նռնակը` կրակված կարաբինից, մյուս խմբերը բաժանված էին ըստ մարմնում հայտնաբերված գնդակների կամ այլ հատկանիշների», - ասաց Զեյնալյանը:

«Մարտի 1»-ի մյուս 2 զոհերի հարազատների բողոքների քննության վերաբերյալ նրանց շահերի պաշտպաններն առայժմ ծանուցում չեն ստացել դատարանից:

Զոհվածների հարազատները դատարանից պահանջում են վերացնել Հատուկ քննչական ծառայության անգործությունը, պարտավորեցնել այս մարմնին` իրականացնել մահվան հանգամանքների արդյունավետ քննություն:

Բողոքարկող կողմի համոզմամբ` արդյունավետ քննության դեպքում, ինչպես նշեց Արտակ Զեյնալյանը, «առնվազն սպանվածների մի մասի սպանությունը կարելի է բացահայտել»:

Բողոքարկող կողմը կողմը նաեւ պահանջում է կրած վնասի արդարացի փոխհատուցում: «Այդ զոհվածներից մի մասը նաեւ կերակրողներ են, որոնք, փաստորեն, այլեւս չեն կերակրում իրենց ընտանիքները, ուստի նաեւ նման խնդիրներ պիտի լուծի պետությունը` իր դրական պարտավորությունների շրջանակներում», - ընդգծեց Զեյնալյանը:
XS
SM
MD
LG