Մատչելիության հղումներ

Ալիկ Սարգսյան. «Հայաստանում հեղափոխութուն իրականացնել հնարավոր չէ»


Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյան
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյան

Հայաստանում հեղափոխութուն իրականացնել հնարավոր չէ, չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Ղրղըզստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։

«Հայաստանում դա հնարավոր չէ։ Կարճատեսություն ու միամտություն կլինի, եթե որեւէ մեկի մտքով դա անցնի։ Լավ կլինի, քաղաքակիրթ ճանապարհով, քաղաքական ճանապարհով մարդիկ իրենց պայքարը տանեն, իսկ ով կփորձի նման միտք փայփայել իր մտքում, ընդամենը՝ խորհուրդ չեմ տալիս։ Օրորոցում անմիջապես կպատժվի, եթե փորձի հեղափոխական ճանապարհով փորձել ինչ-որ բան փոխել», - հայտարարեց ոստիկանապետը։

Ալիկ Սարգսյանը միեւնույն ժամանակ նշեց, թե հայաստանյան ընդդիմությունը, ի տարբերություն ղրղըզականի, պայքարի քաղաքակիրթ ուղի է ընտրել, ինչը ողջունելի է։

«Այսօրվա քաղաքական դաշտում ես չեմ տեսնում այն ուժը, որը նույնիսկ միտք է փայփայում նման կերպ իշխանափոխություն անել», - նշեց Ալիկ Սարգսյանը՝ հավելելով, թե իշխանափոխության ավելի ճիշտ ձեւեր կան, իսկ այդ գունավոր հեղափոխությունները իրականում մեծ քաղաքական խաղերի արդյունք են. - «Շատ խոշոր երկրներ իրենց քաղաքականությունը փորձում են թելադրել փոքր երկրներին, ինչու չէ՞, կազմակերպում, նախապատրաստում եւ իրականացնում են նման հեղափոխությունները, որը խաթարում, խարխլում է տվյալ երկրի հիմքերը։ Այդ գունավոր հեղափոխությունները թող ոչ մեկին չհրապուրեն։ Անունը դնում ենք դեմոկրատիա, դրա անվան տակ հասնում ենք անարխիայի»։

Ասուլիսում լրագրողները Հայաստանի ոստիկանապետին հիշեցրին, որ Ղրղըզստանում օրերս տեղի ունեցած հեղափոխության ժամանակ ընդդիմության ակտիվիստների կողմից դաժան ծեծի ենթարկվեց այդ երկրի ներքին գործերի նախարարը։ Ալիկ Սարգսյանն ասաց, թե ճանաչում էր իր գործընկերոջը, բազմաթիվ անգամ հանդիպել էր նրան. նա մտավորական էր, գիտությունների դոկտոր։ Բայց, ոստիկանությունը, ցավոք, չի տիրապետել իրադրությանը։

«Իշխանությունը իրավունք չունի հայտնվելու նման խղճուկ վիճակում։ Իշխանությունը կարող է ինչ-որ տեղ զիջել, ինչ-որ տեղ նույնիսկ հանձնել իր դիրքերը, բայց ոչ այդ ճանապարհով», - ասաց Ալիկ Սարգսյանը։

Ամփոփելով իշխանափոխության թեման ոստիկանապետը ասաց, թե անկախ ամեն ինչից իր տեղը տեսնում է Սերժ Սարգսյանի քաղաքական թիմում. - «Ուրիշ թիմում հայտնվելու տրամադրություն այս պահին չունեմ, չեմ էլ ունենալու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG