Մատչելիության հղումներ

Քննարկվեցին կրոնական հանդուրժողականության խնդիրները


Կրոնական հանդուրժողականությանը նվիրված համաժողովի դահլիճում: Երեւան, 14-ը ապրիլի, 2010թ.

Կրոնական հանդուրժողականությանը նվիրված համաժողովի դահլիճում: Երեւան, 14-ը ապրիլի, 2010թ.

Երեւանում այսօր տեղի ունեցավ «Կրոնական հանդուրժողականությունն այսօր Հայաստանում» թեմայով համաժողովը, որը կազմակերպել էր «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը:

Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունների թիվն անցնում է մեկուկես տասնյակից, գործում են նաեւ չգրանցված կազմակեպություններ, ուստի առավել կարեւոր է դառնում կրոնական հանդուրժողականության անհրաժեշտությունը:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը առանձին գրքով հրատարակել ու այսօր համաժողովի մասնակիցներին ներկայացրեց վերջին երեք տարիներին կատարած իր հետազոտությունը՝ «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում»:

«Ուսումնասիրել ենք մեծամասնության կողմից որոշակի անհանդուրժողականության դրսեւորումը փոքրամասնությունների նկատմամբ, սակայն մենք գիտենք դեպքեր, երբ փոքրամասնությունն է անհանդուրժող մեծամասնության հանդեպ, կամ որոշակի անհանդուրժողականություն կա տարբեր կրոնական փոքրամասնությունների միջեւ», - ասաց կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը:

Փորձագետները պարզել են, որ կրոնական հանդուրժողականության աճ է գրանցվել որոշ ոլորտներում, օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներում:

«Որքան էլ տարօրինակ է, քրեակատարողական հիմնարկներում ավելի հանդուրժող են կրոնական հարցերում, քան ազատ կյանքում», - նշեց Դանիելյանը:

Նրա խոսքով, որոշակի առաջընթաց է գրանցվել նաեւ պաշտամունքի վայրերի կառուցման գործում: Փորձագետների ուսումնասիրությունները պարզել են, որ ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցուն է հնարավորություն տրվում եկեղեցաշինություն իրականացնել, այլեւ կրոնական այլ ուղղությունների համար խոչընդոտներ հիմնականում չեն հարուցվում:

Այնուամենայնիվ, կրոնական հանդուրժողականության առումով Հայաստանում դեռ շատ լուրջ խնդիրներ կան: Համաժողովի մասնակիցները շեշտեցին, որ այս հարցում կարեւոր դերակատարություն ունի մամուլը, որի էջերում երբեմն կրոնական անհանդուրժողականության, անգամ ֆիզիկական բռնության կոչեր են հնչում: Իսկ իրավապահ մարմինները դրանց չեն արձագանքում՝ նույնիսկ երբ որոշ կազմակերպություններ դիմում են այդ մարմիններին:

Փորձագետներին անհանգստացնում է նաեւ միջնակարգ դպրոցներում տիրող իրավիճակը՝ հատկապես Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում:

«Այստեղ դուք կոնկրետ փաստեր եւ անուններ կգտնեք, երբ, օրինակ, դպրոցի տնօրենը ասում է՝ ես պետք է հալածեմ, ով Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ չէ, պետք է բոյկոտի ենթարկվի, նրանց տեղը այս դպրոցը չէ», - փոխանցեց Ստեփան Դանիելյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, մեր հասարակությունն անհրաժեշտ կրոնական գիտելիքների պակաս ունի, եւ դա էլ հենց կրոնական անհանդուրժողականության հիմք է հանդիսանում:

«Մեր երկրի ոչ ժողովրդավարական, մարդու իրավունքները շրջանցող, օրինական հարաբերությունները շրջանցող ընդհանուր հարաբերությունները զգալիորեն գործում են նաեւ կրոն - հասարակություն, կրոնական կազմակերպություն - հետեւորդներ, կրոնական կազմակերպություն - իշխանություն հարաբերությունների դաշտում: Այն ամենը, ինչ կյանքի այլ ոլորտներում ունենք, ունենք նաեւ կրոնական հարաբերություններում», - ասաց Խառատյանը:
XS
SM
MD
LG