Մատչելիության հղումներ

Մերձդնեստրի իշխանությունների կողմից ձերբակալված հայ լրագրողին մինչեւ 20 տարվա ազատազրկում է սպառնում


Էռնեստ Վարդանյան

Էռնեստ Վարդանյան

Արդեն շուրջ մեկ շաբաթ է` Մոլդովայում լրատվական թողարկումների եւ օնլայն քննարկումների գլխավոր հերոսը հայազգի լրագրող էռնեստ Վարդանյանն է, ում Մերձդնեստրի իշխանությունները ձերբակալել են ապրիլի 7-ին` դավաճանության եւ լրտեսության մեղադրանքով։

33-ամյա Վարդանյանը տարիներ շարունակ եղել է չճանաչված հանրապետությունում ռուսական «Նովի ռեգիոն» գործակալության թղթակիցը, անցած տարվանից, սակայն, սկսել է աշխատել մոլդովական «Պուլս» պարբերականի համար։

Գործընկերների հաղորդմամբ` ֆինանսական սուղ պայմանների պատճառով Վարդանյանը ամեն առավոտ ավտոբուսով Տիրասպոլից մեկնել է Քիշնեւ, երեկոյան տուն վերադարձել։ «Նա մեկն էր Մերձդնեստրում ապրող այն փոքրաթիվ լրագրողներից, ով առանց վախի քննադատում էր տեղական իշխանություններին, միեւնույն ժամանակ, երբեւիցե չէր խախտում լրագրողական էթիկայի կանոնները», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում ասաց ռադիոկայանի մոլդովական ծառայության թղթակից Ռադո Բենեան, ով Մերձդնեստրում տիրող իավիճակի շուրջ տասնյակ հարցազրույցներ է վարել էռնեստ Վարդանյանի հետ։

«Գործընկերները, մարդիկ, ովքեր ճանաչում էին Էռնեստին, ցնցված են ... Որպես լրագրող, քաղաքագետ` նա միշտ շատ կոռեկտ էր,եթե նույնիսկ քննադատում էր իշխանություններին, ապա` միշտ զուսպ եւ առանց էթիկայի նորմերը խախտելու։ Մենք նրան ձերբակալելու որեւէ պատճառ չենք տեսնում, ուղղակի ապշած ենք», - ասաց Բենեան:

Անջատված հանրապետության իշխանությունները այս պահին լրագրողին ներկայացված մեղադրանքների եւ այն հիմնավորող փաստերի մասին որեւէ մանրամասն ու բացատրություն չեն հաղորդում։ Հայտնի է միայն, որ եթե առաջադրված մեղադրանքը ապացուցվի, Վարդանյանը կարող է 12-20 տարվա ազատազրկման դատապարտվել։

Հայաստանում ծնված, 88-ի երկրաշարժից հետո Մերձդնեստր տեղափոխված լրագրողի ճակատագրին նախօրեին անդրադարձել է նաեւ Մոլդովայի նախագահ Միխայիլ Գիմպուն։ Դատապարտելով միջադեպը` նախագահը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ պաշտոնական Քիշնեւը որեւէ լծակ չունի Տիրասպոլի վրա ազդելու համար. - «Մենք արդեն արել ենք ամեն հնարավորը, խնդիրը, սակայն այն է, որ Տիրասպոլի իշխանությունները մի յուրօրինակ բուրգ են ստեղծել, որտեղ հաշվի չեն առնում ո'չ օրենք, ո'չ իրավունք։ Իրավիճակը կարող է փոխել միայն հասարակական կարծիքը, եվրոպական կառույցների արձագանքը, եւ մենք այժմ քայլեր ենք ձեռնարկում` նրանց աջակցությունը ստանալու համար»։

Պաշտոնական Քիշնեւը, մասնավորապես, խոստանում է Վարդանյանին ազատ արձակելու հարցը բարձրացնել այսօրվանից Բրյուսելում, ապա Վաշինգտոնում` միջազգային կառույցների հետ նախատեսված քննարկումներում, որտեղ Մոլդովան ներկայացնելու է Վերամիավորման հարցերով փոխվարչապետ Վիտալի Օսիպովը։

Միջադեպին լայնորեն անդրադառնում են նաեւ իրավապաշտպաններն ու լրագրողները։

«Չեմ պատկերացնում` այդ ի՞նչ արժեքավոր տեղեկություններ ուներ Վարդանյանը, որի օգնությամբ կարող էր հայրենիքին դավաճանել», - իր ինտերնետային բլոգում գրել է Մերձդնեստրում աշխատող իրավապաշտպան Ռոման Կոնոպլեւը։

Մոլդովական «Պուլս» պարբերականի գլխավոր խմբագիր Դմիտրի Կավրուկն էլ ընդգծել է, որ Վարդանյանը ամիսներ շարունակ Տիրասպոլի իշխանություններից սպառնալիքներ է ստացել: «Դեռեւս անցած տարվա աշնանը նրան զանգահարել էին պետանվտանգության նախարարությունից եւ պահանջել դադարեցնել համագործակցությունը մոլդովական լրատվամիջոցների հետ», - Deutsche Welle-ին ասել է «Պուլս»-ի խմբագիրը։

Պաշտոնական Վաշինգտոնն այսօր արդեն անդրադարձել է խնդրին: Մոլդովական լրատվամիջոցների հաղորդմամբ, երկրում Միացյալ Նահանգների դեսպանը հատուկ լրագրողի ճակատագրով հետաքրքրվելու համար հանդիպել է չճանաչված հանրապետության առաջնորդ Իգոր Սմիրնովի հետ։

Միջադեպը դատապարտել է նաեւ Մոլդովայում Ռուսաստանի դեսպանը:

Հատուկ հայտարարությամբ են հանդես եկել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կառույցներ, այդ թվում՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Անկախ լրագրության կենտրոնը, Անկախ լրատվամիջոցների ընկերակցությունն ու մոլդովական լրատվական կազմակերպությունները՝ ընդգծելով, որ այս ձերբակալությունը կարող է «ճանապարհ հարթել Տիրասպոլի իշխանությունների համար՝ ընդդիմադիր ձայները լռեցնելու եւ բիրտ միջոցներով անհաճո տեղեկությունների տարածումը կանխելու համար»։

Լրագրողի ձերբակալությունը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դատապարտեցին նաեւ մի շարք հայաստանյան լրագրողական կազմակերպություններ:

«Ուղղակիորեն ճչում է, որ սարքած գործ է», - ասաց Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ շարունակելով. - «Տիրասպոլի իշխանությունները կարծես դրանով ուզում են ցույց տալ, որ Մերձդնեստրն իսկապես ռազմապետության մի տեսակ է, եւ հրապարակայնությունն իրենց ամենեւին անհրաժեշտ չէ»։

Իսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ասաց. - «Կոնֆլիկտով բաժանված տարածքի մի մասում ապրել, մյուսում աշխատելը, իհարկե, բավական բարդ է: Բայց դա տարածքներից որեւէ մեկին իրավունք չի տալիս ձերբակալել լրագրողին եւ նման ծանր մեղադրանքներ ներկայացնել։ Այս դեպքում շատ կարեւոր է միջազգային կառույցների եւ լրագրողական կազմակերպությունների արձագանքը, քանի որ նման՝ չճանաչված հանրապետությունների իշխանությունների վրա շատ դժվար է որեւէ ազդեցություն գործել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG