Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը ամփոփում է վաշինգտոնյան հանդիպումները


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, երեքշաբթի օրը հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպումները, կասկածի տակ է դրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չձախողելու՝ Թուրքիայի պատրաստակամությունը։

Հայաստանի արտգործնախարարը ասել է, թե Վաշինգտոնում կայացած հանդիպումները եւս մեկ անգամ հնարավորություն են տվել համոզվելու, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների գնահատականները ճիշտ են։

«Ամրապնդվեցին վերջին շրջանում հասունացած հետագա քայլերի վերաբերյալ մեր պատկերացումներն ու մոտեցումները», - արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ասել է Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով. - «Երբ հանրապետության նախագահը պահի, ժամանակի իմաստով անհրաժեշտ համարի, համապատասխան որոշման մասին կիրազեկվի նաեւ հանրությունը»։

«Թուրքական կողմը փորձում էր քննարկում ծավալել Ղարաբաղի թեմայի շուրջ, եւ պատասխանը եղել է այն, ինչ ասել ենք մինչ այժմ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի շաղկապել Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ», - անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ՝ ասել է Էդվարդ Նալբանդյանը՝ ընդգծելով. - «Նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում Թուրքիան չի կարող միջնորդ լինել, երկրորդ, Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը երբեւէ որեւէ զիջման չի գնա հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով: Եվ իհարկե նաեւ պետք է նկատի ունենալ, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման շաղկապումը Ղարաբաղի խնդրի հետ վնաս կհասցնի երկու գործընթացներին էլ: Դա նաեւ եռանախագահող երկրների դիրքորոշումն է»:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին՝ Հայաստանի արտգործնախարարը ասել է. - «Եթե Թուրքիան իրականում ցանկանում է այս գործընթացը չձախողել, պետք է շատ արագ գործնականում ցույց տա, որ պատրաստ է վավերացնել եւ իրականացնել Արձանագրությունները եւ գնալ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների, ինչին սպասում է միջազգային հանրությունը»։

Էդվարդ Նալբանդյանը կասկածի տակ է դրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չձախողելու՝ Թուրքիայի պատրաստակամությունը:

«Եթե թուրքական կողմն իր հնարավորությունների իմաստով սխալ հաշվարկներ է արել, դա իրենց խնդիրն է: Եթե մենք սկսել ենք այս գործընթացը այն փոխըմբռնմամբ, որ նախապայմաններ չեն կարող լինել, եւ նույն փոխըմբռնմամբ շարունակել ենք գործընթացը, եւ հանգել ենք Արձանագրությունների ստորագրմանը: Եթե Թուրքիան այսօր փոխել է իր դիրքորոշումը, ուրեմն համապատասխան եզրակացություններ պետք է անենք, թե արդյո՞ք մյուս կողմում կան այնպիսի գործընկերներ, որոնց հետ հնարավոր է շարունակել գործընթացը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG