Մատչելիության հղումներ

logo-print

Օբաման եւ Էրդողանը քննարկել են նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը


Բարաք Օբաման ողջունում է Ռեջեփ Էրդողանին միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովում, Վաշինգտոն, 12-ը ապրիլի, 2010թ.

Բարաք Օբաման ողջունում է Ռեջեփ Էրդողանին միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովում, Վաշինգտոն, 12-ը ապրիլի, 2010թ.

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` Օբաման ասել է, թե Միացյալ Նահանգները գնահատում է Թուրքիայի դիվանագիտական ջանքերը, որ գործադրվում են տարածաշրջանում խաղաղության համար, եւ հորդորել է շարունակել կառուցողական ներգրավվածությունը։

Օբաման ու Էրդողանը համաձայնել են, որ Կովկասի հարցերով կարիք կա շարունակելու ԱՄՆ-ի պետքարտուղարի եւ Թուրքիայի արտգործնախարարի բանակցությունները, հաղորդում է «Անադոլու»-ն` նշելով, որ հանդիպմանը ներկա են եղել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Հիլարի Քլինթոնը եւ Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ հանդիպումը նախատեսված էր 15 րոպե, բայց տեւել է 45 րոպե։

Այնուհետեւ տեղի է ունեցել Բարաք Օբամայի, Ռեջեփ Էրդողանի եւ Բրազիլիայի նախագահի եռակողմ հանդիպումը, որտեղ քննարկվել է միայն Իրանի հարցը։

Թուրքիայի վարչապետը, Վաշինգտոնում մասնակցելով ցուցահանդեսի բացմանը, լրագրողների հարցերին ի պատասխան անդրադարձել է իր հանդիպումների, բանակցությունների արդյունքներին։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձից, Էրդողանը պատասխանել է. - «Այս հարցի վերաբերյալ ես արդեն հայտարարություն եմ արել։ Անձամբ ես նման բան չեմ սպասում [որ Օբաման կօգտագործի ցեղասպանություն տերմինը]։ Ես կարծում եմ` անհրաժեշտ հավաստիացումներ փոխադարձաբար տրվել են»։

Նշելով, որ Հայաստանի նախագահի հետ մեկեւկես ժամանոց հանդիպում է ունեցել, Էրդողանն ասել է, թե Հայաստանի հետ շարունակվող գործընթացը եղել է նաեւ ԱՄՆ-ի նախագահի հետ իր հանդիպման օրակարգում։

Արձագանքելով Սերժ Սարգսյանի այն խոսքերին, որ Թուրքիան Հայաստանի հետ բանակցություններում չպետք է նախապայմանների լեզվով խոսի, Էրդողանը ասել է, թե բացի «առանց նախապայմանների» արտահայտությունից` Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված տեքստը պարունակում է նաեւ շատ կարեւոր հայտարարություն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին։

Պատասխանելով հարցին, թե ե՞րբ է բացվելու Հայաստանի հետ սահմանը, Թուրքիայի վարչապետն ասել է, թե սահմանը փակվել է 1993 թվականին «Հայաստանի Ադրբեջան ներխուժելու» պատճառով եւ կբացվի, երբ լուծվի խնդիրն ու տարածաշրջանում խաղաղություն ապահովվի։

Վաշինգտոնում հանդիպումներ են տեղի ունեցել եւ արտգործնախարարների մակարդակով։

Հիլարի Քլինթոնը հանդիպել է Ահմեդ Դավութօղլուին։ Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին ասել է, թե նրանք քննարկել են Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու հարցը, հավելելով, թե հիմա վճռական ժամանակաշրջան է` իրականացնելու համար Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները։ Նրա խոսքերով` բանակցությունները անցել են շատ կառուցողական։

Մինչ հանդիպումը Հիլարի Քլինթոնը ասել էր, թե առաջընթաց կա, որ Թուրքիան աջակցի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցին։

Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական 10 անդամներից մեկն է։ Պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված` Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը ԱՄՆ-ն ներկայացնելու է Անվտանգության խորհրդին։ Մարտի վերջին գերմանական Der Spiegel-ին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետը մերժել էր նոր պատժամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG