Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազության մուտքի մոտ ոստիկանության քննիչի կողմից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ծեծի ենթարկելու եւ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործը կարճվել է։ Բացի այդ, քրեական գործից մաս է անջատվել «սուտ մատնության» հոդվածով։

Փետրվարի 24-ին Գլխավոր դատախազության մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին Գագիկ Շամշյանը հաղորդագրություն էր ներկայացրել դատախազությանը՝ հաղորդելով, որ ոստիկանության Էրեբունու բաժնի քննիչ Գագիկ Մարգարյանը խոչընդոտել է իր մասնագիտական պարտականությունների կատարմանը եւ ծեծի է ենթարկել իրեն։ Դեպքի հաջորդ օրը հարուցվել էր քրեական գործ, սակայն քննիչը ներգրավվել էր ոչ թե որպես կասկածյալ, այլ գործով վկա, իսկ Շամշյանը համարվել էր տուժող։

Երեւանի Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Գարիկ Բեգոյանը երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին է հանձնել համապատասխան որոշումը։

Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում լրագրողը նշեց, որ գործից անջատված մասում հանդիպել է այսպիսի ձեւակերպման՝ «Գագիկ Շամշյանի կողմից սուտ մատնություն կատարելու համար»։ Լրագրողն այս նոր գործով ներգրավվել է որպես վկա, նրան մեղադրանք չի առաջադրվել։

«Ես բողոքում եմ հենց իրենց կոլեգայի դեմ, դրա համար ոստիկանության քննչական մարմինը փորձում է ինձ լռեցնել, վախեցնել», - գործի կարճումը եւ «սուտ մատնության» համար նոր գործի հարուցումը մեկնաբանում է Շամշյանը։

Ի դեպ, դատախազության մուտքի անվտանգության տեսախցիկի արձանագրած կադրերում հստակ երեւում է, թե ինչպես է քննիչը հարվածում լրագրողին։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG