Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանի ավագանու երեկվա նիստում հաստատվեցին մայրաքաղաքի խորհրդանիշները` զինանշանը, դրոշը եւ օրհներգը։ Նույն նիստում, սակայն, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ առաջարկ կա «փոխել դրոշի տեսքը»:

Դրոշը, որը որպես մայրաքաղաքի խորհրդանիշ հաստատվել է Երեւանի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 27-ին, սպիտակ է, կենտրոնում Երեւանի զինանշանն է` շրջապատված 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները։

Ավագանին երեկ կրկին անդրադարձել էր Երեւանի դրոշին, զինանշանին ու օրհներգին՝ մայրաքաղաքի վարչական կարգավիճակի փոփոխության կապակցությամբ:

Երեկվա նիստում, խորհրդանիշները հաստատելուց հետո, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ասաց. - «Կա առաջարկություն, որը նաեւ հաջորդ ավագանու նիստին հնարավոր է դառնա նախաձեռնություն. դրոշի տեսքը ուզում ենք փոխենք: Երեւի թե ավագանին կորոշի, մրցույթ կկազմակերպենք, կտեսնենք ավելի լավ առաջարկները: Ես, որպես քաղաքապետ, ուզում եմ, որ դրոշի վրա երեւա, որ Երեւան քաղաքը այդքան [այս տարի նշվելու է Երեւանի 2792-ամյակը] տարիք ունի»:

Միջին տարիքի մի տղամարդ, ով ծանոթ էր մայրաքաղաքի դրոշին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հետեւյալը.- «Ես կուզենայի առաջին հերթին նորմալ, բարեկարգ քաղաք տեսնել, նոր մտածեին դրոշների մասին: Դրոշները փոխելով քաղաքի տեսքը չի փոխվում»:

Երեւանցիներից ոմանք, ինչպես պարզվեց «Ազատություն» ռադիոկայանի անցկացրած փոքրիկ հարցումը, անգամ ծանոթ չեն իրենց քաղաքի դրոշին եւ մեծ կարեւորություն չէին տալիս դրան:

«Ավելի կարեւոր բաներ կան, որ կարելի է լուրջ փոփոխությունների ենթարկել», - ասաց մի երիտասարդ կին՝ շարունակելով. - «Բայց դրոշի վրա չարժե ո'չ ժամանակ տրամադրել, ո'չ էլ գումար»:

Ոմանց դրոշի փոփոխության մասին հարցը անակնկալի է բերում:

«Բայց ի՞նչ այլընտրանքով: Հյուսիսային պողոտա՞ն են պատկերելու: Այն ամենը, ինչով կարող էին բնորոշել Երեւանը, արդեն քանդել են», - ասաց մի կին:

«Ցավոք, շատ բաներ կործանվեցին հայտնի ժամանակներում: Սիմվոլ որպես մեր Երիտասարդական պալատն էին տեսնում, որ խաբեցին, թե հիմքերը թույլ են ու քանդեցին, իրենց գործը արեցին», - շարունակեց մի տղամարդ:

Իսկ միջին տարիքի մի կին ասաց. - «Հիմիկվա Երեւանում միայն սրճարաններն են մնացել, որ կարող են բնութագրել: Ոչինչ Երեւանից չի մնացել»:

Հնչեց նաեւ այսպիսի կարծիք. - «Ես կուզենայի, որ Երեւանի դրոշի վրա լիներ այն, ինչը հիմա չունենք՝ ծառ»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG