Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն APA գործակալությանը նման հարցազրույց չի տվել եւ ադրբեջանական լրատվական գործակալության կողմից իրեն վերագրվող հայտարարությունները չի արել: «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Բուրակ Օզյուգերգինը` մեկնաբանելով APA-ի կողմից նույն օրը հրապարակված հարցազրույցը:

Ըստ ադրբեջանական լրատվական գործակալության հրապարակման, մասնավորապես, Դավութօղլուն ասել էր, թե Թուրքիայի համար անընդունելի է Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրների լուծման գործընթացից Ադրբեջանին հեռացնելը, եւ վստահեցրել, որ Ղարաբաղյան հակամարտության թեման կարեւոր տեղ է գրավել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վաշինգտոնյան բանակցություններում:

«Թուրքիայի համար կարեւոր է Օբամայի վարչակազմի ուշադրությունը կենտրոնացնել այդ հարցի վրա: Ցանկանում եմ կրկնել, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ, Ցյուրիխյան արձանագրությունների հիմնական նպատակներից էր Ադրբեջանի տարածքների ազատագրումը օկուպացումից», - APA-ի փոխանցմամբ` ասել էր Դավութօղլուն:

«Ինչպես ասել է մեր վարչապետը, մենք ձգտում ենք բացատրել ԱՄՆ-ի վարչակազմին, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհնար է խաղաղության հասնել տարածաշրջանում», - ադրբեջանական գործակալության վկայությամբ` հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարարը եւ հավելել. - «Հիմնախնդրի խաղաղ լուծման միակ միջոցը մնում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը»:

Ըստ APA-ի` Դավութօղլուն նաեւ պնդել էր, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը բացասաբար կազդի տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա, եւ հույս էր հայտնել, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում չի ճանաչի ցեղասպանությունը:

«Ամեն գարնան մենք վախով սպասում ենք ճգնաժամի Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում: ԱՄՆ-ն երկու տարբերակ ունի. նվազագույնի հասցնել բոլոր ձեռքբերումները Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, հատկապես` Հարավային Կովկասին առնչվող, կամ էլ նպաստել տարածաշրջանում խաղաղության զարգացմանը: Կարծում եմ, նրանք կընտրեն երկրորդ ճանապարհը», - ադրբեջանական գործակալության փոխանցմամբ` ասել էր Թուրքիայի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG