Մատչելիության հղումներ

Հայ բնապահպանների նախագիծը` լավագույն սոցիալական մեդիա գործիք


Մարիամ Սուխուդյանը Social Innovation Camp Caucasus-ի ժամանակ

Մարիամ Սուխուդյանը Social Innovation Camp Caucasus-ի ժամանակ

48 ժամում փոքր թիմով սոցիալական մեդիա գործիքներ ստեղծելու նպատակով Թբիլիսիում հավաքված հայ, վրացի, ադրբեջանցի, մոլդովացի եւ պաղեստինցի երիտասարդ ակտիվիստները մի քանի թիմերով միասին աշխատեցին 6 տարբեր մտահղացումների շուրջ: Լավագույնն է ճանաչվել հայ բնապահպանների առաջարկած նախագիծը:

Սոցիալական մեդիա գործիք ասվածը այս դեպքում պետք է դառնար մի ինտերնետային նախագիծ, որը պիտի օգներ հասարակ քաղաքացիների լուծել կամ ահազանգել ինչ-որ խնդիրների մասին: Ապրիլի 8-10-ը անցկացված Social Innovation Camp Caucasus-ը կամ Կովկասի սոցիալական նորարարությունների ճամբարը լավագույն մտահղացում եւ իրականացում է ճանաչել Թեղուտի խմբի ակտիվիստների «Save the trees» կամ «Փրկենք ծառերը» նախագիծը: Թբիլիսիում այս նախագծի շուրջ երկու օր աշխատել է 4 տարբեր մասնագետներից կազմված թիմ` դիզայներ, մարկետոլոգ, մտահղացման հեղինակ, կայք պատրաստող:

«Save the trees» նախագծի հեղինակներն արդեն գրեթե պատրաստել են մի կայք` www.kanach.am, որտեղ քարտեզի, տեսանյութերի, առցանց գրառումների միջոցով հնարավոր կլինի ահազանգել Երեւանում կատարվող ապօրինի ծառահատումների մասին: Այսինքն հասարակ քաղաքացիները հնարավորություն կունենան, առանց հատուկ մեդիաների եւ ԶԼՄ-ների, տեղեկացնել հանրությանը, թե որտեղ, երբ եւ քանի ծառ կտրվեց:

Մարիամ Սուխուդյան
«Կայքը կօգնի նաեւ բնապահպանության նախարարությանը, որն ունի լծակներ, իսկ այս նոր գործիքը միայն կօգնի թեթեւացնել նրանց աշխատանքը, հուսով եմ` կարձագանքեն մեր նախաձեռնությանը», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Թեղուտի խմբի ակտիվիստ, մտահղացման հեղինակ Մարիամ Սուխուդյանը:

Թեեւ կայքը դեռ վերջնական տեսքին չի հասցվել, www.kanach.am-ի ստեղծողներն առաջին ահազանգը արդեն ստացել են: Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանությամբ անհանգստացած քաղաքացիները դիմել են բնապահպաններին` Կոմիտաս փողոցում ապօրինի ծառահատումները կասեցնելու համար:

Առայժմ ծառահատումներին հետեւել հնարավոր կլինի միայն Երեւանի տարածքում, բայց հետագայում բնապահպանների ամենատես աչքը կտեսնի նաեւ մարզերի խնդիրները:

Հեղինակները նախատեսում են կազմել նաեւ ամենաակտիվների վարկանիշային աղյուսակ: Առաջին տեղերում հայտնվելու համար պետք է ակտիվ օգտագործել կայքը` կտրված ծառերի տեղերը նշելու, անանուն կամ սեփական անունից գրառումներ կատարելու եւ նույնիսկ տեսանյութեր տեղադրելու համար:


«Կայքը կարող է ծառայել ոչ միայն ապօրինի ծառահատումները բացահայտելուն, այլեւ բնապահպանական եւ անգամ քաղաքաշինական այլ խնդիրներին. օրինակ` Մոսկվա, կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնությունը կարող է նմանատիպ հարթակն օգտագործել որպես պայքարի արդյունավետ գործիք», - «Մաքսլիբերթի»-ին ասաց մտահղացման իրականացնողներից Ժիրայր Թերզյանը:

Social Innovation Camp Caucasus-ում 6 տարբեր մտահղացումներից եւ թիմերից լավագույնը ճանաչված նախագիծը իրականացնելու համար հեղինակները ստացել են 3000 ԱՄՆ դոլար մրցանակ, որով նախատեսում են զարգացնել ու գործարկել կայքը, թարգմանել այն վրացերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն ու մոլդովերեն: Ի դեպ, այս մրցույթի հաղթող են համարում ոչ թե իրենց, այլ` ծառերին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG