Մատչելիության հղումներ

Կայացավ Սերժ Սարգսյանի հանդիպումը Բարաք Օբամայի հետ


Երկուշաբթի ուշ երեկոյան կայացել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը, որը տեւել է մոտ 45 րոպե։ Վաշինգտոնի Համաժողովների պալատում անցկացված բանակցությունների ավարտին երկու նախագահները որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել:

Հանդիպումից մի քանի ժամ անց Սպիտակ տան մամուլի ծառայությունը որոշ մանրամասներ հաղորդեց բանակցությունների մասին` նշելով, որ «նախագահ Օբաման բարձր է գնահատել նախագահ Սարգսյանի համարձակ քայլերը` ուղղված հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը», եւ կոչ է արել Սերժ Սարգսյանին կատարել երկկողմ հարաբերությունների բարելավման իր խոստումը, ինչը, Միացյալ Նահանգների նախագահի կարծիքով, բխում է հայ ժողովրդի շահերից: «Նախագահ Օբաման նաեւ կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային բոլոր ջանքերը գործադրել կարգավորման պրոցեսում առաջընթաց ապահովելու եւ արձանագրությունների օրենսդրական վավերացմանը հասնելու համար», - նշված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում: Բացի այդ, Բարաք Օբաման, ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության, «իր աջակցությունն է հայտնել հայկական ժողովրդավարությանը»:

Հայկական կողմից ստացված տեղեկությունների համաձայն` երկու նախագահները անդրադարձել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ընթացքին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ Lեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի վերաբերյալ: Սարգսյանն ու Օբաման անդրադարձել են նաեւ հայ - ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Նույն օրը վաղ առավոտյան Սերժ Սարգսյանը հանդիպել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքիայի կառավարության ղեկավարի հետ հանդիպումը շարունակվել էր մոտ մեկուկես ժամ: Դրա ավարտին որեւէ հայտարարություն չի հնչել, երկու երկրների ղեկավարները չեն պատասխանել լրագրողների հարցերին:

Թուրքական աղբյուրները միայն նշում էին, որ կողմերի քննարկման հիմնական թեման եղել է Ռեջեփ Էրդողանի` անցած շաբաթ Սերժ Սարգսյանին հղած ուղերձը: Zaman-ի տեղեկությամբ` «կողմերը մանրամասնորեն անդրադարձել են այս ուղերձին»: Մեկ այլ թուրքական լրատվամիջոց՝ NTV հեռուստաընկերությունը, թուրքական պատվիրակության անդամներին վկայակոչելով, հաղորդում էր, թե առաջիկայում արձանագրությունների վավերացման գործընթացի վրա իրենց ուշադրությունն են կենտրոնացնելու երկու երկրների արտաքին գործերի նախարարները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG