Մատչելիության հղումներ

Ապրիլի 13-ը Կատինի զոհերի հիշատակի օրն է


2010 թվականի ապրիլի 7-ին Կատինում հիշատակի արարողություն տեղի ունեցավ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի մասնակցությամբ

2010 թվականի ապրիլի 7-ին Կատինում հիշատակի արարողություն տեղի ունեցավ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի մասնակցությամբ

Ապրիլի 13-ը Կատինի զոհերի հիշատակի միջազգային օրն է. 1943 թվականին այդ օրը գերմանացի զինվորականները հրապարակել էին հաղորդագրություն Կատինի անտառում լեհ սպաների զանգվածային գերեզման հայտնաբերելու մասին։

Երբ գերմանացիները հրապարակել էին զանգվածային գերեզմանների հայտնաբերման լուրը եւ ասել, որ լեհերին Սովետական Միության հատուկ ծառայություններն են սպանել, պաշտոնական Մոսկվան անմիջապես դա հերքել էր եւ պնդել, որ այդ հանցագործությունը ֆաշիստների ձեռքի գործն է։

Պատերազմից հետո այդ թեմայի քննարկումն արգելված էր, լեհ կոմունիստները նույնպես գերադասում էին արծարծել ֆաշիստների վերաբերյալ վարկածը։ Սակայն բուն Լեհաստանում եւ արտասահմանում բնակվող այլախոհ լեհ պատմաբանները եւ հասարակական գործիչները մշտապես պնդել են, որ սպանդը ՆԿՎԴ-ն է ծրագրել, եւ դա անվանել են Լեհաստանի թիկունքին հասցված նենգ հարված։

Այն բանից հետո, երբ Գերմանիան եւ Սովետական Միությունը բաժանել են Լեհաստանը, սովետական հռչակված տարածքում բոլշեւիկների հսկողության տակ է հայտնվել շուրջ 22 հազար լեհ սպա։ Նրանք համարվել են բուրժուական ազգայնական տարրեր, որոնք վտանգավոր են Սովետական Միության համար։ ՆԿՎԴ-ի ղեկավարները երկրի ղեկավարներին առաջարկել են լեհերից ազատվելու ավանդական «չեկիստական տարբերակը»։

Տասնյակ հազարավոր լեհ սպաներին ոչնչացնելու որոշումն ընդունվել է ամենաբարձր մակարդակով, եւ գնդակահարությանը հավանություն է տվել անձամբ Իոսիֆ Ստալինը։ Ի դեպ, ըստ պատմաբանների, որոշման տակ իր ստորագրությունն է դրել նաեւ հայազգի սովետական պետական գործիչ Անաստաս Միկոյանը։

Ընդհանուր հաշվով գնդակահարվել է 21857 լեհ, նրանցից 4421-ին Կատինում են սպանել, մնացածներին` Ուկրաինայի եւ Բելառուսի բանտերում, սակայն ողբերգության խորհրդանիշը Կատինն է մնացել։

Ներկայիս Ռուսաստանն ընդունում է, որ շուրջ 22 հազար լեհերին կոմունիստական ամբողջատիրական ռեժիմն է սպանել։

Գնդակահարված սպաների հիշատակին նվիրված արարողությանը մասնակցելու համար անցած շաբաթ օրը Տու-154 օդանավով Կատին էր մեկնում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու գլխավորած պատվիրակությունը։ Այդ ուղեւորությունը ողբերգական ավարտ ունեցավ. եղանակային անբարենպաստ պայմաններում Սմոլենսկի ռազմական օդանավակայանում վայրէջք կատարելիս օդանավը բախվեց ծառերին, վայր ընկավ եւ պայթեց: Զոհվեցին բոլոր 96 ուղեւորները` նախագահ Լեխ Կաչինսկին, առաջին տիկին Մարիա Կաչինսկան, բարձրաստիճան քաղաքական եւ զինվորական գործիչներ, օդանավի անձնակազմը։

Դժբախտ պատահարի կապակցությամբ Լեհաստանի 7-օրյա սգի մեջ է, եւ ապրիլի 13-ին կրկնակի սուգ է լեհերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG