Մատչելիության հղումներ

«Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի եւ հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:

«Մենք չենք պատրաստվում որեւէ ձեւաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձեւացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որեւէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում», - ասել է Սերժ Սարգսյանը` Վուդրո Վիլսոնի գերեզման այցելությունից հետո ելույթ ունենալով Վաշինգտոնի մայր տաճարում:

«Այո՛, մենք պատրաստ ենք եւ ցանկանում ենք բնականոն հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարեւանների հետ, բայց մենք չենք հանդուրժի, որ պայմաններ թելադրվեն մեզ», - ընդգծել է Հայաստանի նախագահը:

«Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրեին ոմանք մտավախություն ունեին, թե դրանով կդանդաղեցվեն կամ ժամանակավորապես կսառեցվեն ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային քայլերը: Ժամանակը ցույց տվեց, որ այդ մտավախություններն անհիմն են եւ անհիմն կլինեն այնքան ժամանակ, քանի մենք բոլորս պատրաստ ենք առավել ջանքերի, պատրաստ ենք նոր պայքարի», - ասել է Սերժ Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը հրապարակել է նախագահի մամլո գրասենյակը: - «Անցած ամիսներին մենք ձեզ հետ միասին վկան եղանք Թուրքիայի դատապարտված փորձերին` պառակտելու հայրենիքն ու Սփյուռքը, իրավիճակը ներկայացնելու այնպես, թե իբր գոյություն ունի երկու տարբեր կարծիք Հայաստանում եւ Սփյուռքում: Այսօր մենք միասին կրկին անգամ հերքում ենք նման սին պատրանքները: Չկա՛ Հայաստանի հայության եւ Սփյուռքի հայության կարծիքների տարբերություն. կա միասնական հայ ժողովուրդ, եւ նա տեր է իր արդար դատին»:

«Ցանկացած նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակա է փորձությունների, որովհետեւ մենք անցնում ենք չտրորված արահետով: Ես վստահ եմ, որ Հայաստանը պատվով է բռնելու նաեւ այս քննությունը», - հայտարարել է նախագահը:

«Այսօր մենք միասին մեր հարգանքի տուրքը մատուցեցինք նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին` մարդու եւ ԱՄՆ-ի առաջնորդի, ում մեր ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես հայ ժողովրդի իսկական բարեկամի: Վիլսոնը հայերիս համար ոչ միայն կորուսյալ հայրենիքի իղձը կենարար հողով ամրացրեց, այլեւ աշխարհին պատվիրան թողեց այն մասին, որ մեծերը կարող են եւ պարտավոր են թույլ չտալու փոքր ժողովրդի տառապանքների կրկնություն: «Զորակցե՛ք, որ այլեւս հայերը երբեք չտառապեն»` այս խոսքով ԱՄՆ-ի 28-րդ նախագահը դեռ 90 տարի առաջ փաստացիորեն ձեւակերպում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, քանզի հենց ճանաչումով է սկսվում ցեղասպանությունների եւ ապագա բոլոր տառապանքների կանխարգելումը», - նշել է Սերժ Սարգսյանը ե հավելել. - «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Նախագահի շիրիմի առջեւ եւ զեկուցում, որ Հայոց ցեղասպանությունից 95 տարի հետո էլ աշխարհի շատ երկրներ, կազմակերպություններ եւ քաղաքական գործիչներ, այդ թվում եւ իր հայրենիքում, շարունակում են գործել վիլսոնյան պատգամի տրամաբանությամբ»:

«Թույլ տվեք խոսքս ավարտել երախտագիտության բառերով` ուղղված մի երկրի ու մի ժողովրդի, որ ծնել է դեսպան Մորգենթաուի եւ նախագահ Վիլսոնի պես գործիչներ: Հայությունն ուժեղ է եւ կարողանում է ինքնարտահայտվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դա անշուշտ ձեր արժանիքն է, բայց ձեր արժանիքը լինելուց զատ, ամերիկյան ազատության արժանիքն է: Մենք շնորհակալ ենք այս մեծ ու հզոր երկրին, որ այսօր էլ իր զգալի դերակատարությունն ունի հայ ժողովրդի կյանքում: Աստված պահի Ամերիկան, Աստված պահի Հայաստանը եւ փառք հայ ժողովրդին», - ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների առջեւ իր ելույթը ամփոփել է Հայաստանի նախագահը:

«Անադոլու» լրատվական գործակալությունը, իր հերթին, հաղորդում է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը եւ Թուրքիայի վարչապետը մանրամասն քննարկել են Սերժ Սարգսյանին Ռեջեփ Էրդողանի հղած նամակը, որը փոխանցելու համար անցած շաբաթ Երեւան էր ժամանել Էրդողանի հատուկ բանագնաց, Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն:

Թուրքական գործակալության վկայությամբ` «կողմերը համաձայնել են, որ երկու երկրների արտգործնախարարները պետք է շարունակեն ուսումնասիրությունները այդ հարցի շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG