Մատչելիության հղումներ

Ավագ դպրոցների խնդիրը` նախարարի հաշվետվության կենտրոնում


Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյան

Արդեն գործող ավագ դպրոցների ցանկին այս տարի կմիանա եւս 44-ը, որոնք կգործեն միայն խոշոր բնակավայրերում: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` իրենք առաջին հերթին պետք է աշխատեն ավագ դպրոցների շենքային պայմանների, մանկավարժների պատրաստվածության, դպրոցների նյութատեխնիկական բազաների բարելավման ուղղությամբ:

Ավագ դպրոցներում սովորող աշակերտների մեծամասնությունն այսօր շարունակում է մասնավոր պարապմունքների հաճախել, քանի որ, ըստ նրանց, դպրոցում ստացած գիտելիքները բավարար չեն բուհ ընդունվելու համար: Նախարարն այս կապակցությամբ առաջարկում է «մի փոքր սպասել, որպեսզի գոնե ավագ դպրոցի առաջին շրջանավարտներն ունենանք եւ տեսնենք, թե որքանով են նրանք զգացել նոր կրթության առավելությունները»:

Շատ դպրոցներ ավագ դառնալուց անմիջապես հետո հեռացնում են տարրական դասարանների ուսուցիչներին, քանի որ այլեւս առաջին դասարանցիներ չեն ընդունելու: Արեմն Աշոտյանը պնդեց, որ նախարարությունում իրենք անում են ամեն ինչ, որպեսզի ուսուցիչների կրճատումներից խուսափեն. – «Ավագ դպրոցի բարեփոխումը առիթ չէ հաշվեհարդար տեսնելու այն ուսուցիչների հետ, որոնց այս կամ այն տնօրենը չի սիրում», - նշեց նախարարը:

Կրթության եւ գիտության նախարարը նաեւ անդրադարձավ առաջիկա անելիքներին: Համաշխարհային բանկի հետ իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում շուրջ 140 համայնքներում կստեղծվեն նախադպրոցական կրթության քիչ ծախսատար մոդելներ` դպրոցների բազայի հիման վրա, որտեղ ավագ տարիքի երեխաները օրական 4 ժամ կստանան տարրական գիտելիքներ: Այս տարի ծրագիրը կմեկնարկի Արագածոտնում եւ Արարատում:

Այսօր Հայաստանի 1400 դպրոցներից 600-ն է միացված դպրոցների ինտերնետային ընդհանուր ցանցին, այս տարի պետական միջոցներով դրանց կմիանա եւս 300-ը:

XS
SM
MD
LG