Մատչելիության հղումներ

Ազգային գրադարանային շաբաթը այս տարի անցկացվում է «Հայացք գյուղի գրադարանին» կարգախոսով


Հայաստանում երկուշաբթի օրը մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը, այն այս տարի անցկացվում է «Հայացք գյուղի գրադարանին» կարգախոսի ներքո եւ կտեւի մինչեւ ապրիլի 19-ը. այդ օրը հայտարարված է գիրք նվիրելու օր:

Գրադարանային շաբաթի կազմակերպիչները` Հայկական գրադարանային ասոցիացիան, Հայաստանի ազգային գրադարանը եւ Գրողների միությունը հայտարարել են, որ ամբողջ տարվա ընթացքում սատարելու են մարզային եւ գյուղական գրադարաններին, որոնք ոչ միայն բավական լուրջ խնդիրներ ունեն նոր գրքերի, գրականության ձեռք բերման իմաստով, այլեւ դրանցից շատերը կանգնած են փակման վտանգի առաջ կամ էլ հիմնանորոգման լուրջ կարիք ունեն:

Հայկական գրադարանային ասոցիացիան գյուղական գրադարանների համալրմանն օգնելու նպատակով հենց այս շաբաթվանից նախաձեռնել է նոր գրքերի, գրականության համահավաք ակցիա, որ կշարունակվի ողջ տարվա ընթացում:

Բացի այդ, Հայկական գրադարանային ասոցիացիան նպատակ ունի մարզերում անցկացվելիք սեմինարներով եւ խորհրդատվական հավաքներով գյուղական գրադարանների հիմնախնդիրները ներկայացնել տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց ենթակայությամբ էլ գործում են գյուղական ու մարզային գրադարանները:

Ազգային գրադարանի տնօրեն, Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը այսպես բնորոշեց գյուղական գրադարանների վիճակը. - «Այն անմխիթարական է, ավելի հաճախ` նաեւ խայտառակ, կամ պարզապես դրանք կործանված են»:

Տեղյակ չե՞ն արդյոք այդ հիմնախնդիրներին տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ եթե տեղյակ են` ապա ինչո՞ւ է գյուղական գրադարանների մեծ մասը անմխիթար վիճակում, Ազգային գրադարա՞նը կամ Հայկական գրադարանային ասոցիացիա՞ն պիտի ստիպեն նրանց կատարել իրենց պարտականությունները. ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Ազգային գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը, «ստիպելու լծակներ էլ չունի Ազգային գրադարանը, զուտ այստեղ արդեն պրոպագանդիստական աշխատանքներ են, զուտ խղճին է մնում ինքնակառավարման մարմինների, որ իրենք պետք է աշխատեն»:

«Իսկ թե ինչո՞ւ այս կամ այն հարցը լավ է կատարվում կամ վատ` դրանք բյուջեի հետ կապված բաներ են, այսինքն` ֆինանսավորում պիտի լինի, իրենք պիտի որոշակի ձեւով կարողանան օգնել այդ գրադարաններին, գրադարանները իրենք իրենց վիճակով, իրենց ֆինանսավորմամբ չեն կարող ոտքի կանգնել: Բնականաբար, այստեղ արդեն իրենց օգնությունը խիստ անհրաժեշտ է», - ընդգծեց Հասմիկ Ղազարյանը:

Ազգային գրադարանային շաբաթը Հայաստանում անցկացվում է արդեն 9-րդ տարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG