Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 10-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հաագայի քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն վերջին օրերին Հայաստանում էր՝ ոչ միայն Երեւանում ապրիլի 6-8-ը անցկացված FIDH-ի համաժողովին մասնակցելու նպատակով, այլեւ պաշտոնական այցով: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ հանդիպման ժամանակ նա կոչ էր արել անդամակցել Հաագային, քանի որ այդպես հնարավոր է Ցեղասպանության դատական ճանաչման գործընթաց սկսել: Հայտնի չէ, թե ինչ է նրան պատասխանել Դանիելյանը, սակայն FIDH-ի համաժողովի ընթացքում Օկամպոն, ըստ էության, զգուշացրեց, որ Հաագային չանդամակցելը չի փրկում որեւիցե հանցագործի, քանի որ հնարավոր է այդ դատարան գործ ուղարկել նաեւ առանց անդամակցելու: Համաժողովի ժամանակ նա մեխանիզմն այսպես էր բացատրել. որեւէ պետություն կամ քաղաքացիները դիմում են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ խնդրելով Հաագայում գործ հարուցել որեւէ մեկի կամ որեւէ պետության դեմ, Անվտանգության խորհրդի 15 անդամներից առնվազն 9-ի դրական եզրակացության դեպքում ՄԱԿ-ը Հաագայում վարույթ է հարուցում հանցագործի դեմ եւ սկսում է գործի քննությունը»:

lragir.am-ը գրում է. - «Հայաստանում 2008 թվականի վեր ստեղծվել էր հետաքրքիր իրավիճակ, որ շախմատային լեզվով կոչվում է ցուգցվանգ, այսինքն մի իրավիճակ, երբ ցանկացած քայլ աշխատում է քո դեմ: Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմն էր հանրային աջակցությունը, Քոչարյանը վերահսկում էր համակարգը, իսկ Սերժ Սարգսյանը, տեսականորեն ունենալով Սահմանադրական լիազորություններ, գործնականում չուներ իրական իշխանություն: Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը հայտնի են իրենց շախմատային «հակումներով», Քոչարյանը` ոչ: Եվ նա առաջինը քայլ արեց: Մի կողմից, ակտիվություն արտաքին ասպարեզում` այցերը Ֆրանսիա, Ռուսաստան եւ Իրան, մյուս կողմից` «հարձակում» ներքին կյանքում, մի քանի ուղղությամբ` Ղարաբաղի խնդիր, պատերազմի վտանգ, սոցիալ-տնտեսական վիճակ եւ այլն: Դա համընկավ մարտ-ապրիլյան թանկացումների հետ, ինչը գործող իշխանությունը զանազան ձեւերով ներկայացնում էր որպես սաբոտաժ համակարգի կողմից` Սերժ Սարգսյանին ստիպելու համար վարչապետ նշանակել Քոչարյանին: Ո՞րն էր Քոչարյանի շտապողականության պատճառը` դժվար է ասել: Հնարավոր է, դեր են խաղացել թե' Ղարաբաղի խնդրի շուրջ աննախադեպ ակտիվացումը, որը նախանշում էր նոր էլեմենտներ ղարաբաղյան թեմայով միջազգային դիվանագիտության մեջ, թե' մարտի 1-ի թեմայի ակտուալացումը միջազգային ասպարեզում: Քոչարյանը թերեւս կասկածներ է ունեցել, որ այս հարցում իր հաշվով կա «համաձայնություն»: Ինչեւէ, Քոչարյանի ակտիվացումը հնարավորություն տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին դուրս գալ ցուգցվանգի վիճակից»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Վարչապետ Տիգրան Սարգսյանին քննադատելը դարձել է Հայաստանի քաղաքական կոչվող դաշտի սիրելի զբաղմունքը: Կասկած չկա, իհարկե, որ այդ քննադատությունը լիովին արդարացի է, քանի որ Հայաստանում վարվում է մի տնտեսական քաղաքականություն, որը բացարձակապես կապ չունի իրական կյանքի հետ: Խնդիրը այստեղ այլ է: Տիգրան Սարգսյանը երկու տարի է, ինչ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը: Այդ երկու տարվա ընթացքում նրան նշանակած Սերժ Սարգսյանը ոչ մի անգամ ցույց չի տվել, նույնիսկ չի ակնարկել, որ դժգոհ է Տիգրան Սարգսյանի գործունեւությունից: Ավելին՝ Սերժ Սարգսյանը նույնիսկ հանդես է եկել այդ գործունեության դրական գնահատականով: Նա արդարացրել է նաեւ արտաքին պարտքը ավելացնելու միջոցով տնտեսության մեջ իրավիճակային լուծումներ գտնելու քաղաքականությունը: Ավելին՝ երբ «Բարգավաճ Հայաստան»-ը քննադատեց Էկոնոմիկայի նախարարին, իսկ Քոչարյանն էլ քողարկված քննադատեց կառավարության տնտեսական քաղաքականությունը, Սերժ Սարգսյանի հրահանգով Հանրապետական կուսակցությունը մեկ մարդու նման վեր ելավ եւ սկսեց հայտարարել կառավարությանը վստահելու մասին: Այդ ամենից հետո արդյո՞ք ժամավաճառություն չէ Տիգրան Սարգսյանին քննադատելը»:

«168 ժամ»-ը տեղեկացնում է. - «Արդեն մի քանի օր է, ինչ «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցները ինչ-որ թղթեր ձեռքերին՝ այցելում են մայրաքաղաքի բնակիչներին եւ տարբեր պատճառաբանություններով՝ ստիպում են ստորագրել դրանք: Մեզ դիմած քաղաքացիներից մեկը դժգոհել է, որ ընկերության աշխատակիցները խաբել են իրեն: Ըստ բնակչի, իրեն ասել են, թե պարզապես իրականացնում են հաշվառում, որպեսզի պարզեն, թե գազից օգտվող քանի բաժանորդ ունեն, ինքն էլ սուսուփուս ստորագրել է այդ փաստաթղթի տակ: Հետո արդեն իր հարեւանը, որը, գլուխը կախ ստորագրելու փոխարեն, մանրամասն կարդացել է փաստաթուղթը, պարզել է, որ այն ոչ թե գազի սպառողներին հաշվառելու համար է, այլ «ՀայՌուսգազարդ»-ը հավաքում է համախոհներ, որոնք իբրեւ համամիտ են, որ գազի թանկացումը հիմնավոր է: Բնականաբար, «ՀայՌուսգազարդ»-ը ամբողջ հանրապետության տարածքում չի կարող գտնել գոնե մեկ բնակիչ, որը ինքնակամ կստորագրի մի փաստաթղթի տակ, որտեղ նշված է, թե իր կարծիքով գազի գնաճը արդարացի է: Դրա համար էլ ընկերության աշխատակիցները բնակիչների ստորագրությունները կորզելու համար այս մեթոդին են դիմում»:

«Կապիտալ»-ը Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին հարցնում է. - «Ըստ Ձեզ՝ ի՞նչը կարող է ստիպել Թուրքիային գործընթացը դուրս բերել փակուղուց»: Սաֆրաստյանը պատասխանում է. - «Սեփական շահը։ Եթե Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում պահպանել իր դերը, պետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հասցնի ավարտին, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ 2008 թվականի օգոստոսյան դեպքերից հետո Թուրքիան, ըստ էության, սկսեց դուրս մղվել տարածաշրջանից։ Հիմա Թուրքիայի համար հասունացել է որոշում ընդունելու պահը։ Թուրքիան հիմա խնդիր ունի, քանի որ կշեռքի նժարին դրված է Թուրքիայի՝ որպես պետության, հեղինակության խնդիրը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG