Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան հուսով է, որ Սարգսյան - Էրդողան հանդիպումը «կվերակենդանացնի հաշտեցման՝ փակուղի մտած գործընթացը»


Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նամըկ Թանը:

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նամըկ Թանը:

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նամըկ Թանը հայտարարել է, թե Թուրքիան հույս ունի, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը «կվերակենդանացնի երկու երկրների հաշտեցման՝ փակուղի մտած գործընթացը»:

Թանը, ով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւի ընդունումից անմիջապես հետո հետ էր կանչվել Անկարա, ուրբաթ օրը «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանն նաեւ ասել է. - «Օբամայի վարչակազմը հավաստիացումներ է տվել Թուրքիային, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չի որակի, ինչպես նաեւ կընդդիմանա Կոնգրեսում շրջանառության մեջ դրված բանաձեւին, այդ իսկ պատճառով ես վերադարձա Վաշինգտոն: Մենք մեզ բավարարող մի շարք ուղերձներ ստացանք, եւ հուսով ենք, որ այժմ նոր էջ կբացվի մեր հարաբերություններում»։

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ Թուրքիայի վարչապետի հանդիպման նախօրեին թեժ քննարկումներ են ընթանքում նաեւ մի շարք այլ զգայուն հարցերի շուրջ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն անակնկալ կերպով չեղյալ է հայտարարել Վաշինգտոն կատարելիք այցը՝ պնդելով, թե համաժողովին մասնակցող Թուրքիան մի շարք այլ պետությունների հետ միասին, պատրաստվում է Իսրայելի միջուկային ծրագրի հարցը բարձրացնել։

Անդրադառնալով այդ պնդումներին՝ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, թե նման հարց վարչապետ Էրդողանի օրակարգում ներառված չէ։

«Ակնկալվում է, որ Թուրքիայի վարչապետի հետ հանդիպմանը Միացյալ Նահանգների առաջնորդը նաեւ կհորդորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կողմ քվեարկել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներին», – հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»-ը եւ հիշեցնում, որ Թուրքիան դեմ է արտահայտվում կարեւոր դաշնակցի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG