Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ-ի երիտասարդներն ամփոփեցին իրենց եռօրյա ակցիաները


Բանտարկյալներին նմանակելու ակցիան

Բանտարկյալներին նմանակելու ակցիան

Ապրիլի 6-8-ը Երեւանում անցկացված Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համագումարից դեռ շաբաթներ առաջ Հայ ազգային կոնգրեսին հարող երիտասարդական նախաձեռնությունները որոշեցին ակցիաներ կազմակերպել` ընդգծելու համար, որ այստեղ մարդու իրավունքները պաշտպանված չեն ու խնդիրները բազմաթիվ են` իրավունքների առաջնային ոտնահարում համարելով մարդկանց ձերբակալությունները իրենց քաղաքական հայացքների պատճառով:

Սարգիս Գեւորգյանի եւ 13 այլ ակտիվիստների համար կարեցին բանտարկյալների հագուստ, գտան ոտքերը կապելու շղթաներ, տպեցին ՀԱԿ-ի բնորոշմամբ 14 քաղբանտարկյալների նկարները, փակցրեցին դրանք ակտիվիստների շապիկներին, պատրաստեցին տարբեր գրություններով պաստառներ ու կազմեցին ակցիաների ժամանակացույց` ըստ ֆեդերացիայի համագումարի ընդմիջումների:

Ապրիլի 6-ի ակցիան առաջինն էր եւ ամենաբազմամարդը: - «Առավոտից մինչեւ երեկո շփվել ենք համագումարի պատվիրակների հետ, շատ հուզված ու տպավորված եմ նրանց աձագանքներից», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում պատմեց ակտիվիստներից Եվա Թովմասյանը:

Նախաձեռնություններից ամանտպավորիչը թերեւս զոլավոր հագուստով բանտարկյալներին նմանակելու ակցիան էր, որի ժամանակ նույնիսկ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը միացավ երիտասարդներին ու նրանց հետ վանկարկեց «լիբերթի»՝ ազատություն:

«Պատվիրակներն ասում էին, որ նման երիտասարդություն ոչ մի տեղ չեն տեսել, որ մենք դեռ շատ բաների կհասնենք», - պատմեց Եվան:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը ու որոշ այլ իրավապաշտպաններ մասնակցեցին ապրիլի 6-ի ընդիմության հանրահավաքին, Բելասենը նաեւ կարծիք հայտնեց, որ «Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունն անվիճելի է»:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կարգախոսը` «Keep your eyes open» կամ «Աչքերդ բաց պահիր», Եվա Թովմասյանին շատ է դուր եկել, այդ գրությամբ կրծքանշանեերը մի քանի լեզուներով փակցրել է պայուսակին, ասաց, որ ինքն էլ հաճախ առաջնորդվում է այդ կարգախոսով:

XS
SM
MD
LG