Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր աջակցությունն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը՝ հերքելով վարչապետի եւ նրա տնտեսական թիմի հնարավոր փոփոխման մասին լուրերը։

«Ես կարծում եմ, որ այսօր մենք գտնվում ենք վերականգնման փուլում, որովհետեւ արդեն 3-րդ ամիսն է` նկատվում է տնտեսական աճ: Տարվա առաջին 2 ամիսներին մեր տնտեսությունն ունեցել է 3.1 տոկոս աճ: Սա համարյա այնքան է, ինչքան 2008թ. առաջին 2 ամիսներին»,- ուրբաթ օրը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը ու ընդգծել, որ չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ծանր վնաս է հասցրել Հայաստանի տնտեսությանը, այդուհանդերձ, կառավարությանը հաջողվեց չկրճատել սոցիալական որեւէ ծրագիր, չուշացան աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները:

Նախագահը շեշտել է, որ միջազգային կազմակերպությունները «լավ գնահատականի» են արժանացրել տնտեսության վերականգնման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը։

«Իհարկե, սա բավարար չէ: Որովհետեւ մենք գտնվում ենք դեռեւս վերականգնման փուլում եւ պարտավոր ենք իրականացնել նոր ծրագրեր, պարտավոր ենք անպայման հաշվետու լինել նախկինում արված ծրագրերի մասով: Մենք մոտակա տեսանելի ապագայում կխոսենք այն մեծ ծրագրերի ընթացքի մասին, որոնց մասին մենք խոսել էինք դեռ մեկուկես տարի առաջ», - նշել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով վարչապետի փոփոխության մասին պարբերաբար շրջանառվող լուրերին՝ նախագահ Սարգսյանը դրանք «անհիմն» է որակել:

«Երբ տնտեսությունը անկում էր ապրում, այսինքն մեր տնտեսական թիմն այնքան էլ կոմպետենտ չկարողացավ դիմակայել ճգնաժամին, չկարողացավ կանխորոշել, որ կարող է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ լինել, այդ ժամանակ միգուցե այսպիսի կարծիքներ իրավունք ունեին ասելու։ Բայց այսօր, երբ տնտեսությունը կամաց-կամաց վերականգնվում է, ի՞նչ իմաստ ունի խոսել տնտեսական թիմի փոփոխության մասին։ Ես սա անհիմն եմ համարում», - ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով. - «Ինչ վերաբերում է կառավարության մեկ, երկու կամ երեք անդամներին, սա մշտական պրոցես է, մշտապես կարող են փոխվել նախարարներ, եւ դա մեր ընդհանուր տնտեսական քաղաքականության վրա ազդեցություն չունի»։

Հանրապետության նախագահը նաեւ արձագանքել է կառավարության հասցեին վերջին շրջանում հնչեցված քննադատությանը ինչպես ընդդիմադիր ուժերի, այնպես էլ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից։

«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Հայաստանը խորը ճգնաժամի մեջ է, նրանք էլ երեւի իրավունք ունեն նման կարծիք հայտնելու, բայց եթե նրանք կարծիք են հայտնում, որպեսզի կառավարությանը շահագրգռեն ավելի ինտենսիվ աշխատել, սա մի տարբերակ է, իսկ եթե ասում են այն բանի համար, որպեսզի վիճակն էլ ավելի վատանա, ավելի վատ սպասումներ ձեւավորեն, իհարկե, այդպիսի մոտեցումն ինձ համար ընդունելի չէ եւ ընկալելի չէ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Անցած ամիս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ իշխանությանը, մասնավորապես, կոչ անելով ավելի շատ ուշադրություն դարձնել բնակարանային պահանջարկի պահպանման համար։ Քոչարյանի այս ելույթը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր տվել։ Ընդդիմությունը, մասնավորապես, պնդում էր, որ Քոչարյանը այսպիսով փորձում է քաղաքականություն վերադառնալ։

«Իսկ պարոն Քոչարյանը ե՞րբ էր քաղաքականությունից գնացել, որ հիմա էլ պետք է վերադառնա», - հակադարձելով ընդդիմությանը, Տավուշում ասել է Սերժ Սարգսյանը. - «Ես համարում եմ, որ պարոն Քոչարյանը միշտ էլ եղել է քաղաքականության մեջ, եւ ինձ համար շատ տարօրինակ է որոշ քաղաքական շրջանակների այն ջղաձիգ արձագանքը, որը մենք տեսնում ենք Քոչարյանի ցանկացած գործողության հանդեպ՝ լինի դա շրջագայություն, ճանապարհորդություն, թե կարծիքի հրապարակավ հայտնում»։

Հարկ է նշել, որ նախօրեին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե երբ ինքը որոշի քաղաքականություն վերադառնալ, այդ մասին կհայտարարի «բաց եւ ուղիղ»։

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշել է, թե «նորմալ» է համարում այն, երբ Քոչարյանը կարծիք է հայտնում, երբ Քոչարյանն այցելում է այս կամ այն երկիր։

«Ի վերջո այստեղ տարօրինակ ի՞նչ կա, աշխարհի ո՞ր երկրում այդպիսի բաներն չեն լինում, ուղղակի խորհուրդ եմ տալիս որոշ լրատվամիջոցներին եւ քաղաքական շրջանակներին ավելորդ չեղած բաներ չփնտրել։ Եվ եթե նրանց նպատակն է որոշ ուժերի կամ անհատների բերել բախման, նրանք միշտ էլ այդ նպատակն ունեցել են, Աստված իրենց հետ», - հավելել է նախագահ Սարգսյանը։

«Վաշինգտոնում կարեւոր հանդիպումներ են սպասվում»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը կարեւորեց իր առաջիկա այցը Վաշինգտոն, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Դա շատ կարեւոր այց է: Կարեւոր հանդիպումներ են սպասվում եւ ամենակարեւորն այն է, որ մենք գրեթե ունենք մեր լուծումը», - ասաց նախագահը՝ անդրադառնալով Էրդողանի հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ սպասվող հանդիպմանը՝ հավելելով. - «Բայց հիմա ճիշտ չէ այդ որոշման մասին խոսել: Մենք մեր որոշումը կներկայացնենք մեր հանրության դատին որոշ ժամանակ հետո, երբ ամբողջովին համոզվենք մեր որոշման` ճիշտ լինելու մեջ: Այդպիսի պարագաներում ամենակարեւորը ճիշտ որոշում կայացնելն է»։

«Պատերազմի վտանգ կա նաեւ այսօր»


Սերժ Սարգսյանը նաեւ խոսեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման հավանականության մասին։

«Իսկ ե՞րբ չի եղել պատերազմի վտանգ՝ կարո՞ղ եք ինձ ասել։ Այդպիսի վտանգ եղել է 95-ին, 2000-ին, 2005-ին եւ այդպիսի վտանգ, այո, կա նաեւ այսօր, եւ այդպիսի վտանգ լինելու է, մինչեւ մեր տարածաշրջանում չհաստատվի խաղաղություն և կայունություն», - նշեց Սարգսյանը։ Այդուհանդերձ, նախագահը նշեց, թե չի տեսնում Ադրբեջանի ռազմական գերազանցությունը Հայաստանի նկատմամբ. - «Ուղղակի մեր ժողովրդի համար այդ վտանգները շատ թե քիչ առարկայական են դառնում հիմնականում երկու պարագայում՝ երբ որ ադրբեջանցիները, այլ մեթոդ չունենալով, սկսում են հոխորտալ, միլիտարիստական պահվածք դրսեւորել, չգիտեմ, թե դրա հիմքը ինչն է կազմում»։, որովհետև այսօր ես չեմ տեսնում նրանց գերազանցությունը մեր նկատմամբ, և երկրորդ՝ այն պարագայում, երբ որ մեր ներքին քաղաքական կյանքում որոշ ուժեր փորձում են այդ հանգամանքը շահարկել»:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի նախագահ Սարգսյանը վստահ է, որ՝ «ընդդիմությունում, չեզոք մարդկանց մեջ կան այնքան մարդիկ, որ, Աստված մի արասցե, եթե վաղը այդպիսի մի բան լինի, նրանք լինելու են առաջին շարքերում, եւ իշխանությունում կան մարդիկ, որոնք, երբ այդպիսի մի բան լինի, ճողոպրելու են»:

Այնուամենայնիվ, նախագահ Սարգսյանի գնահատմամբ՝ պատերազմի դեպքում «մենք հանկարծակիի չենք գա»:
XS
SM
MD
LG