Մատչելիության հղումներ

«Նոր ալիք»-ը հայ մասնակից է ընտրում


«Նոր ալիք»-ի հայաստանյան փուլի բեմը
«Նոր ալիք»-ի հայաստանյան փուլի բեմը

Ապրիլի 9-ի երեկոյան մայր թատրոնի բեմում կկայանա «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը, որի հատուկ հյուրը ռուսական շոու բիզնեսի հայտնի անուն Ժասմինն է: Համերգի ընթացքում ելույթ կունենան 28 մասնակիցներ, որոնցից կարզմակերպիչները չցանկացան առանձնացնել ոչ մեկին, թեեւ հայկական փոփի մի քանի հայտնի անուններ արդեն հնչել են` այդ թվում Սոնա Շահգելդյան, Մարիանա, «Ջեզլ» խումբը եւ այլք:

Մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեւը նախ հարկ համարեց հատուկ հերքել այն լուրերը, թե նախկինում Նադեժդա Սարգսյանին է պատկանել Հայաստանից մասնակցին ընտրելու իրավունքը.

«Մենք երբեք «Նոր ալիք»-ի ներկայացուցչություն չենք ունեցել Հայաստանում: Մեծ թվով պրոդյուսերներ, մենեջերներ, կազմակերպիչներ կամ անհատ կատարողներ իրենց նախաձեռնությամբ հայտ են ներկայացրել: Մրցույթը բաց է բոլոր տաղանդավոր մարդկանց համար ամբողջ աշխարհից», - նշեց նա:

Եվգենի Օռլովը եւ Ալեքսանդր Ռումյանցեւը մամլո ասուլիսի ժամանակ
Հայաստանյան մրցույթի ժյուրիի հայազգի անդամներից են Արթուր Գրիգորյանը, Էռնա Յուզբաշյանը, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը: Ռուսաստանից ժամանած ժյուրիի անդամները դեռ չեն հասցրել ծանոթանալ մասնակիցներին: Մրցույթի երաժշտական պրոդյուսեր Եվգենի Օռլովն ասաց, որ ազգային դիմագիծ ունեցող մասնակիցներով է հետաքրքրված:

«Մենք ձգտում ենք, որ յուրաքանչյուր երկիր ներկայացնող մասնակիցը ասոցացվի իր պետության հետ: Իսկ դա կարող է անել ոչ միայն արտաքինով, այլ ազգային գործիքի ներմուծմամբ, վոկալ հնարքներով, գործիքավորմամբ», - նշեց մրցույթի երաժշտական պրոդյուսեր:

Հայաստան ընտրական այս փուլը հաղթահարած մասնակիցը, սակայն, անմիջապես չի մասնակցի հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը ծովափնյա Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք»-ի եզրափակիչ փուլին. առջեւում դեռ ընտրական փուլն է Մոսկկվայում: Մրցույթի տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեւը նշեց որեւէ մեկին չընտրելու հավանականության մասին.

«Իրականում մասնակիցների քանակը եւ աշխարհագրությունը մեզ համար էական չեն: Եթե լինեն համոզիչ ու վառ ելույթներ, կարող են մեկից ավելի մասնակիցներ ընտրվել, բայց հակառակն էլ չի բացառվում, որ ոչ մեկը չընտրվի”, - ամփոփեց «Նոր ալիք»-ի տնօրենը:

Ավելի վաղ 28 երեխաներ նույն բեմում երկու տարիքային խմբում մրցում էին «Մանկական Նովայա Վոլնա»-ի համար: Այս տարվա նորությունն այն է, որ մանկական մրցույթի եզրափակիչը օգոստոսին առաջին անգամ կանցակցվի Ղրիմի հանրահայտ Արտեկ ճաբարում:

XS
SM
MD
LG