Մատչելիության հղումներ

Փաշինյանի պաշտպանները բողոք են ներկայացրել վճռաբեկ դատարան


Նիկոլ Փաշինյանը Վերաքննիչ դատարանում, 9-ը մարտի, 2010թ.

Նիկոլ Փաշինյանը Վերաքննիչ դատարանում, 9-ը մարտի, 2010թ.

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ վճռաբեկ դատարանին բողոք են ներկայացրել, որով պահանջում են կարճել քրեական գործի վարույթը իրենց պաշտպանյալի նկատմամբ:

Հունվարին առաջին ատյանի դատարանը 7 տարվա ազատազրկման էր դատապարտել Փաշինյանին 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության աջակիցների հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, սակայն մեղադրանքի մեկ այլ դրվագով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, ապացույցների անբավարարության հիմքով կայացրել էր արդարացման որոշում։ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով այդ վճիռը, որոշեց միայն՝ համաներում կիրառելով կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:

«[Դատարանի վճռի հետ] մենք ընդհանրապես համաձայն չենք, եւ գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններում ընդհանրապես հանցակազմը բացակայում է ե՛ւ 225 հոդվածով, ե՛ւ 316», - նշեց Փաշինյանի պաշտպանը։ - «Այս պարագայում մենք հիմնվելու ենք Եվրոպական կոնվենցիայի 6–րդ հոդվածի վրա, որով սահմանվում է, որ անձի անմեղության կանխավարկածը չպիտի խախտվի, իսկ ապացույցների անբավարարությամբ գործի կարճմամբ եւ արդարացման դատական ակտ կայացնելու պարագայում միանշանակ խախտվում է անձի անմեղության կանխավարկածը, որովհետեւ, ըստ էության, նա իբրեւ թե արդարացվում է, բայց այդ դատական ակտով երեւում է, որ նա ինչ-որ գործողություն կատարել է, սակայն նախաքննական մարմինը եւ դատարանը չեն կարողացել ապացուցել նրա մեղքը»։

Լուսինե Սահակյանի պարզաբանեց նաեւ, որ 316 հոդվածով օրենսդիրը պահանջում է, որ նախաքննական մարմինը, դատական ատյանները, հաշվի առնեն նաեւ ոստիկանների գործողությունների օրինաչափությունը:

«Այսինքն դեռեւս պետք է պարզել, արդյո՞ք ոստիկանները գործել են օրինական, թե ոչ։ Հետո երկրորդ քայլը պիտի լինի հիմնավորել, եթե նրանց գործողություններն օրինական են, ապա ինչպիսի հակազդեցություն է եղել, եւ արդյոք բռնություն գործադրվել է նրանց նկատմամբ, թե ոչ։ Տվյալ դեպքում ոչ առաջինն է հիմնավորված, ոչ երկրորդը», - հայտարարեց փաստաբանը։
XS
SM
MD
LG