Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանյան քաղաքական ուժերը մեկնաբանում են Ղրղըզստանի իրադարձությունները


«Ղրղըզստանում արյունահեղության ճանապարհով տեղի ունեցող իշխանափոխությունը միայն կթուլացնի երկիրը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը կարծիք հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ նկատելով, որ ինչպես Հայաստանում, այնտեղ էլ կա «ռեժիմի դեմ կար արդարացի դժգոհություն»։

Հինգշաբթի օրը Ղրղըզստանի ընդդիմությունը հայտարարել է, թե արյունալի բախումներից հետո, որոնց ընթացքում առնվազն 65 մարդ է սպանվել, ընդդիմադիր ուժերը վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը, լուծարել երկրի խորհրդարանը, ձեւավորել նոր, ժամանակավոր կառավարություն։

«Այդ քանդել-ջարդելը իրականում ոչ մի իմաստ չունեն, ավելին՝ վնասակար են պետության համար։ Այսօր կարելի է ասել, որ Ղրղըզստանում լուրջ պետություն այլեւս գոյություն չունի, լուրջ քաղաքական համակարգ գոյություն չունի։ Նախադեպ է դրված, որ ցանկացած պահի ցանկացած քաղաքական ուժ կարող է իրականցնել բռնություններ, նրա դեմ կարող են իրականացնել բռնություններ։ Ստեղծվում է մի շատ վատ ավանդույթ, որը իրականում ոչ թե պետությունը ուժեղացնում է, այլ այդ պետությունը թուլացնում է», - նշեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը։

Լեւոն Զուրաբյանը Հայաստանի եւ Ղրղըզստանի իշխող վարչակազմերի միջեւ նմանություններ տեսնում է, իսկ տարբերությունը, ըստ նրա, ընդդիմությունների որդեգրած պայքարի մեթոդների մեջ էր. հայաստանյան ընդդիմությունը որդեգրել էր պայքարի ոչ թե ծայրահեղ, այլ` սահմանադրական ճանապարհը։

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սարֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ներքաղաքական հաշտության, ճշմարտության եւ առաջ շարժվելու համար շատ կարեւոր է, երբ բռնություններ կատարած անձինք կանգնում են դատարանի առջեւ։

«Այն բոլոր քաղաքական համակարգերում, որտեղ իշխանությունները ձեռքները դնում են ձգանին, սա նշանակում է, որ ընդհանրություններ ունեն բոլոր ավտորիտար համակարգերը կամ ավտորիտարիզմին մոտ գտնվող համարվող համակարգերը, ինչպիսին կարող է համարվել Հայաստանը», - նշեց Սաֆարյանը՝ նմանություններ տեսնելով Հայաստանում 2008 թվականի հետընտրական զարգացումների եւ Ղրղըզստանում տեղի ունեցածի միջեւ։

Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը կարծիք հայտնեց, որ Ղրղըզստանում տեղի ունեցող իրադարձությունները հետեւանք են այն բանի, որ Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի վարչակազմը դրսից է ներմուծված եւ ներսում քաղաքական հող չի ունեցել. - «Նման իշխանությունները, որոնք դրսից են դրվում, պատվերով են լինում, չեն ունենում ազգի նկատմամբ պատասխանատվության զգացմունք եւ գնում են այդ տեսակ զոհերի»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Երեւանում տեղի ունեցան մարտիմեկյան բախումները՝ Շահբազյանը պատասխանեց, որ սրանք համեմատելի երեւույթներ չեն եւ ինքը չի ցանկանում համեմատել:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, պատասխանելով նույն հարցին, ասաց, թե նման համեմատությունները վիրավորանք են մեր ազգային արժանապատվությանը։

«Մարտի 1-ը չի կարելի համեմատել նման երեւույթների հետ։ Դա այն խնդիրը չէ, որ ազգը երկու մասի բաժանվի, եւ ուզենան մեկը մյուսի կոկորդ կրծել», – ասաց Սահակյանը՝ կարծիք հայտնելով, որ Ղրղըզստանում քաղաքացիական պատերազմ է եւ հայտարարելով, որ դեռ շուտ է իրադարձությունների համար մեղավորներ փնտրել։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG