Մատչելիության հղումներ

Հայաստանցի վերլուծաբանները՝ Սարգսյան - Էրդողան առաջիկա հանդիպման մասին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման, դրանից ակնկալիքի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանին իրեն կարծիքը հայտնեցին հայաստանյան վերլուծաբաններից ոմանք:

Ըստ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի, այդ հանդիպումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերջին հնարավորությունն է: Եվ հանդիպումը, ըստ նրա, Թուրքիայի վրա Վաշինգտոնի գործադրած ճնշման արդյունքն է:

«Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը Թուրքիային տարբեր լեզուներով բազմիցս են հասկացրել, որ հնարավոր չէ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորել Ղարաբաղի խնդրով: Եվ հիմա Թուրքիան հասկանում է, որ իրատեսական չէ Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերությունների նախապայման դարձնելը», - շարունակեց Կիրակոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի նախագահը Թուրքիայի վարչապետին համոզելու խնդիր չունի. - «Ամերիկյան կողմը հիմա սպասում է Թուրքիայի, ոչ թե Հայաստանի պատասխանին»:

Վերլուծաբանի կարծիքով, հայկական կողմը այդ հանդիպման ժամանակ «հաղթանակ կարձանագրի», եթե հայ-թուրքական արձանագրությունները մնան նախաստորագրված, բայց չվավերացված, եւ այդ իրավիճակում որոշվի բացել հայ-թուրքական սահմանը. - «Այդ դեպքում պատմաբանների հանձնաժողովը եւ Ղարաբաղի հարցը այլեւս չեն կարող համարվել նախապայման»:

Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Թուրքիայի վարչապետի առաջարկը Սերժ Սարգսյանին՝ Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապելու պատճառով մեկուսացման մեջ հայտնված Թուրքիայի համար ելք է:

«Ե'վ Ռուսաստանը, ե'ւ Միացյալ Նահանգները, ե'ւ Ֆրանսիան բազմիցս հայտարարում էին, որ այս երկու գործընթացները ոչ մի կապ չունեն: Եվ, փաստորեն, Թուրքիան հայտնվեց մեկուսացման մեջ: Ես կարծում եմ, դրանով պետք է առաջին հերթին բացատրել, որ, փորձելով դուրս գալ այդ մեկուսացումից, Թուրքիայի վարչապետը առաջարկում է հանդիպել Հայաստանի նախագահի հետ», - պարզաբանեց Սաֆրաստյանը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, հանդիպման ժամանակ Թուրքիան կփորձի ակտիվացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, բայց չի հրաժարվի Ղարաբաղի հարցի հետ կապված իր նախապայմանից:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը պետք է «զինված» գնա Վաշինգտոն. - «Զինենք իրեն նրանով, որ մեր պառլամենտը մինչեւ իր մեկնելը վավերացնի արձանագրությունները: Այդ դեպքում Թուրքիան մանեւրելու տեղ չենք թողնի: Թուրքիան այլեւս չի կարողանա սակարկել, նաեւ՝ Ղարաբաղի հարցում»:
XS
SM
MD
LG