Մատչելիության հղումներ

Օբաման եւ Մեդվեդեւը ստորագրեցին ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր համաձայնագիրը


Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրում են ռազմավարական սպառազինությունների նոր համաձայնագիրը, Պրահա, 8-ը ապրիլի, 2010թ.
Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրում են ռազմավարական սպառազինությունների նոր համաձայնագիրը, Պրահա, 8-ը ապրիլի, 2010թ.

Պաշտոնական Մոսկվան ու Վաշինգտոնը մեկ երրորդով կրճատում են իրենց միջուկային զինանոցը. սա է հինգշաբթի օրը Չեխիայի մայրաքաղաքում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ ստորագրված «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին» նոր համաձայնագրի առանցքային դրույթը:

Այսպես կոչված STRAT-3-ի ստորագրման արարողությանը հաջորդած իր ելույթում Բարաք Օբաման հատուկ ընդգծեց այն դերը, որ բավական դժվար ընթացք ունեցած բանակցությունների ժամանակ խաղացել է Ռուսաստանի ղեկավարը:

«Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բարեկամիս ու գործընկերոջս` Դմիտրի Մեդվեդեւին: Առանց նրա անձնական ջանքերի ու կառավարման ուժեղ հատկանիշների, մենք այսօր այստեղ չէինք լինի», - հայտարարեց Օբաման:

Ստորագրված պայմանագրի համաձայն` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միջուկային մարտագլխիկների թիվը 2200-ից նվազեցնում են մինչեւ 1550-ի: Միջուկային զենք կրելու կարողություն ունեցող հրթիռների ու ռազմական օդանավերի թիվը կսահմանափակվի 700-ով: Սահմանվում է նաեւ համաձայնագրի կատարման փոխադարձ վերահսկման մեխանիզմ. երկու կողմերը տարեկան 18 տեսչական այցերի կազմակերպման հնարավորություն կստանան:

Մեդվեդեւի համոզմամբ` ստորագրված փաստաթուղթը ձեռնտու է թե' պաշտոնական Մոսկվայի եւ թե' Վաշինգտոնի համար:

«Փաստաթուղթը, որ մենք ստացանք, լիովին հավասարակշռում է ռուսական ու ամերիկյան կողմերի շահերը: Կարեւոր է, որ չկան հաղթողներ ու պարտվողներ», - պնդում է Ռուսաստանի նախագահը:

Չնայած հնչած այս լավատեսական հայտարարություններին` Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ մի առանցքային խնդրի շուրջ տարաձայնությունները պահպանվում են. խոսքը հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի մասին է: Օբամայի խոսքով` Սպիտակ տունն այս թեմայի շուրջ բանակցությունները Մոսկվայի հետ շարունակելու է:

«Ես եւ նախագահ Մեդվեդեւը պայմանավորվեցինք ընդլայնել հակահրթիռային պաշտպանության շուրջ մեր քննակումները: Այդ քննարկումների ընթացքում մենք տեղեկատվության փոխանակում կիրականացնենք, համատեղ ուժերով կգնահատենք բալիստիկ հրթիռների կարողությունները: Իսկ երբ այդ աշխատանքն ավարտին հասցվի` Ռուսաստանի հետ լուրջ երկխոսություն ենք ակնկալում հակահրթիռային պաշտպանության ոլորտում ռուս - ամերիկյան համագործակցության շուրջ», - նշեց ԱՄՆ-ի նախագահը:

Ռուսական կողմը, սակայն, հինգշաբթի օրը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ` զգուշացնելով, որ եթե հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգը Ռուսաստանի համար սպառնալից չափերի հասնի, այդ հանգամանքը կարող է բացասաբար ազդել Պրահայում ստորագրված համաձայնագրի կյանքի կոչման վրա:

«Այսօր ստորագրված պայմանագիրը կգործի եւ կենսունակ կլինի այն դեպքում, եթե չլինի հակահրթիռային պաշտպանության համակարգի քանակական ու որակական ցուցանիշների աճ: Նման աճը ի վերջո կարող է սպառնալիքներ ստեղծել Ռուսաստանի ռազմավարական ուժերի համար», - համոզված է Դմիտրի Մեդվեդեւը:

Պրահայում կայացած ռուս - ամերիկյան բանակցությունների ընթացքում Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Ըստ ամենայնի, կողմերի դիրքորոշումները գնալով մերձենում են:

«Ցավոք սրտի, Թեհրանը չի արձագանքում իրեն առաջարկված մի շարք կառուցողական, փոխզիջումային առաջարկություններին: Մենք չենք կարող այդ հանգամանքի վրա աչք փակել: Այնպես որ, ես չեմ բացառում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին կարող է քննարկել Իրանի դեմ պատժամիջոցների հարցը», - նշեց Մեդվեդեւը` հատուկ ընդգծելով. - «Իրանի հանդեպ պատժամիջոցները պետք է խելամիտ բնույթ կրեն»:

Իրանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտության մասին խոսելով` Միացյալ Նահանգների նախագահը նշեց. - «Մենք համագործակցում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` Իրանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառման հարցի շուրջ: Մենք թույլ չենք տա գործողություններ, որ կոտնահարեն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի դրույթները: Մեզ համար անընդունելի է, երբ կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի ռիսկ է առաջանում, երբ կասկածի տակ են դրվում միջազգային հանրության վարկն ու հավաքական անվտանգությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG