Մատչելիության հղումներ

Օբաման եւ Մեդվեդեւը Պրահայում կստորագրեն ռազմավարական սպառազինությունների մասին նոր համաձայնագիրը


Բարաք Օբամա եւ Դմիտրի Մեդվեդեւ

Բարաք Օբամա եւ Դմիտրի Մեդվեդեւ

Հինգշաբթի օրը Պրահայում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները կստորագրեն «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին» նոր համաձայնագիրը: 15-էջանոց այս պայմանագրով նախատեսվում է մեկ երրորդով կրճատել թե' Ռուսաստանի եւ թե' Միացյալ Նահանգների միջուկային զինանոցը:

Չեխիայի մայրաքաղաք մեկնելուց առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է. - «Հինգշաբթի օրը նախագահը կվերադառնա Պրահա` Ռուսաստանի հետ պատմական համաձայնագրերը ստորագրելու նպատակով: Հաջորդ շաբաթ էլ նախագահ Օբաման Վաշինգտոնում ավելի քան 40 պետությունների նախագահների եւ կառավարությունների ղեկավարների կհյուրընկալի` նրանց հետ քննարկելով այսօր աշխարհի առջեւ ծառացած լրջագույն վտանգը` միջուկային ահաբեկչությունը»:

Ռուս - ամերիկյան համաձայնագրերի ստորագրման եւ վաշինգտոնյան գագաթնաժողովի շեմին Միացյալ Նահանգները հրապարակեցին երկրի նորացված ռազմական հայեցակարգը, որի հիմքում միջուկային զենքի, որպես հիմնական զինատեսակի, դերի նվազեցումն է:

«Որեւէ պետություն, որ միջուկային զենք չունի եւ կատարում է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավարությունները, չի կարող Միացյալ Նահանգների կողմից ենթարկվել միջուկային հարվածի: Իսկ եթե որեւէ պետություն, օգտվելով մեր կողմից տրամադրված այս երաշխիքից, Միացյալ Նահանգների կամ դաշնակիցներից որեւէ մեկի դեմ փորձի քիմիական կամ կենսաբանական զենք կիրառել, կարժանանա ավերիչ հակահարվածի` սովորական սպառազինությունների կիրառմամբ», - հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը:

Պենտագոնի ղեկավարի խոսքով` այսուհետեւ Միացյալ Նահանգների հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է հակահրթիռային համակարգերի զարգացմանն ու արդիականացմանը: Այս հեռանկարը, սակայն, ռուսական իշխանություններին առանձնապես չի ոգեւորում:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցման` ուրբաթ օրը Օբամա - Մեդվեդեւ համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի Դաշնությունը կարող է հանդես գալ միակողմանի հայտարությամբ: Ըստ այդ հայտարարության` Ռուսաստանը իրեն իրավունք կվերապահի միակողմանիորեն դուրս գալ այս պայմանագրից, եթե հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգը «Ռուսաստանի համար սպառնալից չափերի հասնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG