Մատչելիության հղումներ

logo-print

Ղրղըզստանում ընդդիմությունը նոր կառավարություն է կազմում




Ղրղըզստանում ընդդիմության առաջնորդները պնդում են, որ իրենց հաջողվել է երկրում իշխանափոխություն իրականացնել այն բանից հետո, երբ ընդդիմության աջակիցների եւ ոստիկանության ուժերի միջեւ տեղի ունեցած բախումները առնվազն 65 մարդու կյանք խլեցին։ Ընդդիմության պնդմամբ, երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը լքել է մայրաքաղաք Բիշքեկը եւ դիմել փախուստի։


Չորեքշաբթի ուշ երեկոյան ընդդիմության առաջնորդներից Թեմիր Սարիեւը հայտարարեց, թե կառավարությունը հրաժարական է տվել եւ երկրում իրավիճակը վերահսկում է ընդդիմությունը, որը նոր կառավարություն է ձեւավորել նախկին արտգործնախարար Ռոզա Օտունբաեւայի գլխավորությամբ։

Ընդդիմության առաջնորդները քաղաքացիներին կոչ էին անում ջոկատներ կազմել` գիշերը հնարավոր թալանը կանխելու համար։

Նախագահի փախուստի կամ կառավարության հրաժարականի մասին լուրերը հաստատող անկախ աղբյուրներից տեղեկություններ մինչեւ ուշ գիշեր չկային։

Բիշքեքում բախումների արդյունքում զոհված ցուցարարի մարմինը հեռացնում են դեպքի վայրից, 07–ը ապրիլի, 2010թ.
Ընդդիմության այս հայտարարությունները հնչեցվում են երկրում մեկ օր տեւած քաոսային իրավիճակից հետո։ Մայրաքաղաք Բիշքեկում եւ երկրի մի շարք շրջաններում օրվա ընթացքում արյունալի բախումներ տեղի ունեցան ոստիկանների ու ցուցարարների միջեւ։

Առողջապահության նախարարության պաշտոնյաները հաստատել են, որ առնվազն 65 մարդ է սպանվել, շուրջ 400 վիրավորներ հոսպիտալացվել են։

«Մեծ մասը երիտասարդներ են՝ մինչեւ 30 տարեկան» , - «Ֆրանսպրես» գործակալությանը ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Լարիսա Կաչիբեկովան։

Ուշ երեկոյան ընդդիմադիրների աջակիցները գրավել էին երկրի խորհրդարանը, գլխավոր դատախազության շենքը, պետական հեռուստաընկերությունը, որտեղից ընդդիմադիրները ուղիղ եթեր էին մտնում։

Ղրղըզստանի ընդդիմությունը եւ նրանց աջակցող հազարավոր ցուցարարներ պահանջում են երկրի նախագահի հրաժարականը` մեղադրելով նրան կոռուպցիայի, ինչպես նաեւ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խոսքի, մամուլի ազատությունը ճնշելու համար:

Ավելի վաղ, երկրի նախագահ Կուրմաբեկ Բակիեւը արտակարգ դրություն էր հայտարարել Բիշքեկում եւ Ղրղըզստանի եւս երեք շրջաններում, որտեղ անկարգությունները սկսվել էին դեռ երեքշաբթի։

Հրդեհված ոստիկանական մեքենա կառավարության շենքի առջեւ, Բիշքեկ, 07–ը ապրիլի, 2010թ.
Չորեքշաբթի օրը Ղրղըզստանի իշխանությունները ընդդիմությանը մեղադրեցին բռնություններ սադրելու մեջ։ «Նրանց նպատակն է հասարակության մեջ անկայունություն ու հակամարտություն ստեղծել», - նշված էր խորհրդարանի տարածած հայտարարությունում։

Ղրղըզստանի իրադարձությունների կապակցությամբ մտահոգություն են հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը։

Թե' Ռուսաստանը, թե' Միացյալ Նահանգները Ղրղըզստանում ռազմական հենակետեր ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG