Մատչելիության հղումներ

logo-print

ՄԻՄՖ-ի համաժողովը Երեւանում շարունակում է իր աշխատանքը


Երեւանում չորեքշաբթի օրը աշխատանքը շարունակեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համաժողովը: Հայաստանյան ընդդիմությունը, ի տարբերություն համաժողովի բացման օրվան, «Մարիոթ» հյուրանոցի [որտեղ ընթանում է համաժողովը] մոտ էր եկել առանց ֆեդերացիան քննադատող պաստառների:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը եւ ֆեդերացիայի համաժողովի այլ մասնակիցները, հիշեցնենք, երեկ մասնակցեցին ընդդիմության հանրահավաքին: Բելասենը, Մարդու իրավունքների ֆրանսիական լիգայի նախագահ Ժան-Պյեր Դյուբուան, իրանցի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին ելույթներ ունեցան հանրահավաքում:

«Իրենց գործնական մոտեցումը եւ աջակցելը քաղբանտարկյալների գործին բերեց այն վիճակին, որ մենք այսօր իրենց ասում ենք՝ շնորհակալություն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը՝ շարունակելով. - «Բոլոր պաստառները փոխվեցին. եթե երկու օր առաջ բողոքում էին, այսօր ասում ենք՝ շնորհակալություն»:

Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հաղորդագրության համաձայն, երեկվա «բազմահազարանոց հանրահավաքը եւ երթը, ինչպես նաեւ մի շարք այլ հանրային միջոցառումները անցել են անսովոր մթնոլորտում». - «Ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ դրանք չեն ուղեկցվել բազմաքանակ ոստիկանության ներկայությամբ, ոստիկանության կողմից սպառնալիքներով, ցուցարարների նկատմամբ ճնշումներով եւ սադրանքներով, ինչպես նաեւ քաղաքացիների ազատ կամքի նկատմամբ ապօրինի միջամտություններով»։

ՀԱԿ-ը սա բացատրում է Երեւանում անցկացվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ֆորումի մեկնարկով. - «Իշխանությունները որոշել են դիմել էժանագին խորամանկության եւ միջոցներ ձեռնարկել, որ ֆորումի մասնակիցների համար տեսանելի չլինի բռնապետության իրական դեմքը»։

Ըստ ընդդիմության՝ այն, որ Ֆորումի անցկացման ժամանակաշրջանում իշխանությունները որոշել են կատարել իրենց սահմանադրական պարտականությունները, բացահայտեց մի քանի իրողություն. - «Ակնհայտ է, որ իշխանությունների մտահոգված են միայն դեմոկրատական իմիտացիոն քողածածկույթի ստեղծմամբ, բայց ոչ երբեք ժողովրդավարական ազատությունների ապահովման իրենց անմիջական պարտականություններով: Անվիճելի է, որ ընդդիմությունը եւ հասարակական կազմակերպությունները գործում են օրենքներին համապատասխան եւ ի վիճակի են սեփական ուժերով պահպանել հասարակական կարգը: Ակնհայտ է, որ երկու տարի շարունակ իշխանությունների եւ նրա կամակատար գործիք դարձած ոստիկանության նպատակը եղել է ոչ թե հասարակական կարգի պահպանումը, այլ համաժողովրդական շարժումը ճնշելու նպատակով սադրանքների եւ հալածանքների իրագործումը, այսինքն` հենց ոստիկանությունն է մշտապես հանդես գալիս հասարակական կարգը խախտողի դերում»։

Այսօրվա նիստում իր ելույթից հետո Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, թե չի համարում, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ:

«Քաղաքական բանտարկյալներ հասկացողությունը որպես իրավաբանական կատեգորիա ինձ համար հասկանալի չէ: Եվ ես չեմ կարծում, որ մեր դատարանի դատական ակտերով քաղաքական բանտարկյալներ կան բանտերում նստած: Նրանք դատապարտվել են կոնկրետ հանցագործություններ կատարելու համար», - ասաց նա:

«Մարիոթ» հյուրանոցում այսօր տեղի ունեցավ եւս մեկ միջադեպ. քաղաքացիական ակտիվիստ Իզաբելլա Սարգսյանին, ով հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ազատազրկվածներին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք էր իրականացնում, անվտանգության աշխատակիցները քաշքշել էին ու պոկել պատիկ փակցված պաստառը:

«Պատրաստվում եմ գնալ ոստիկանություն, հայտարարություն տալ հանցագործության մասին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG