Մատչելիության հղումներ

Շիրին Էբադի. «Լրագրողի տեղը բանտում չէ»


Իրանցի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադի

Իրանցի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադի

«Լրագրողի տեղը բանտում չէ», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում չորեքշաբթի օրը հայտարարեց իրանցի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է առավել հետաքրքրված այցելելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

Ավելի ուշ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Շիրին Էբադին պատմեց, թե լրագրողին հանդիպել է տեսակցության սենյակում եւ ոչ թե բանտախցում, ինչպես ինքն էր ցանկանում:

«Այն բոլոր քաղբանտարկյալները, ում ես այսօր այցելեցի, ասացին, որ իրենց նկատմամբ կայացվել է անարդար դատավճիռ», - ասաց Շիրին Էբադին:

Մինչ Նիկոլ Փաշինյանին այցելելը Շիրին Էբադին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հանդիպել էր նաեւ Սասուն Միքայելյանին, Սարգիս Հացպանյանին եւ Ժորա Սափեյանին` դարձյալ տեսակցության սենյակում:

«Ինձ թույլ չտվեցին, որ նրանց հետ հանդիպեմ իրենց խցերում, բոլորի հետ հանդիպեցի տեսակցության սենյակում: Ես նրանց մի ճյուղ ծաղիկ էի նվեր տարել: Հնարավորություն չունեցա տեսնել թե հիվանդանոցը ինչպիսի կահավորում եւ սարքավորում ունի, ուղղակի հանդիպեցի նրանց մի սենյակում», - պատմեց իրավապաշտպանը։ - «Տեղեկացված եմ, որ Հայաստանում 14 քաղբանտարկյալ կա։ Ցավոք Իրանում նրանք 1000-ից ավելի են: Եվ եթե Հայաստանում ես հնարավորություն եմ ստացել այցելելու կալանավայրեր, ապա դա Իրանում գրեթե անհնար է», - ասաց Էբադին՝ ընդգծելով, թե կալանավայրեր ազատ ու անկաշկանդ այցելության հնարավորություն իրեն խոստացել է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մեր հանդիպման ընթացքում նա ասաց` մեր կալանավայրերը բաց են եւ ցանկացած պահի կարող եք այցելել ում որ ցանկանաք: Նախագահը զրույցի ընթացքում չօգտագործեց «քաղբանտարկյալ» տերմինը, ասելով, թե նրանք ովքեր բանտերում են, դատապարտված են ոչ թե քաղաքական գործունեության համար, այլ քանի որ կատարել են օրենքին հակառակ գործողություն», - նշեց Էբադին։

Անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների հետ հանդիպելիս իրանցի իրավապաշտպանը մանրամասնորեն հետաքրքրվել է նրանց քրեական գործերով. - «Ես ինքս եղել եմ քաղբանտարկյալ եւ առանձնակի հետաքրքրված եմ քաղբանտարկյալների ճակատագրով: Շուրջ 20 տարի անվճար պաշտպանում եմ քաղբանտարկյալների շահերը Իրանում: Ես որտեղ էլ լինեմ, որ երկրում էլ լինեմ, մեծ հետաքրքրությամբ եմ հետեւում քաղբանտարկյալների ճակատագրին»։

Վերջում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք հավանական է համարում, որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համագումարից եւ կալանավայրեր իր կատարած այցերից հետո Հայաստանի իշխանությունները ազատ կարձակեն հետընտրական իրադարձությունների առնչությամբ անազատության մեջ գտնվողներին՝ Շիրին Էբադին դրական պատասխան տվեց. - «Այո, դա հնարավոր է, քանի որ երեկ համագումարի մի շարք մասնակիցներ միացան ցուցարարներին եւ պահանջեցին ազատ արձակել քաղբանտարկյալներին»:

XS
SM
MD
LG