Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում կհանդիպի Բարաք Օբամայի հետ. Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահի հետ հանդիպում է հայցում


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակներում կկայանա նրա հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հաստատվել է բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսություն, շփումներ երկու երկրների ղեկավարությունների միջեւ, եւ մենք վստահ ենք, որ գալիք հանդիպումը երկու երկրների նախագահների միջեւ նոր որակ, նոր թափ կհաղորդի հարաբերություններին», - ընդգծեց արտգործնախարարը:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում ապրիլի 12-13-ը կայանալիք միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ Հայաստանի նախագահի հնարավոր հանդիպմանը, ապա այս պահին, Էդվարդ Նալբանդյանի խոսքերով, «այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերված չէ»:

«Ես կարող եմ տեղեկացնել, որ այս պահին թուրքական կողմի նախաձեռնությամբ Հայաստանում է գտնվում էրդողանի հատուկ բանագնացը` պարոն Սինիրլիօղլուն, որը նաեւ Թուրքիայի առաջին փոխարտգործնախարարն է, եւ որին այսօր կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, եւ նաեւ հանդիպում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի հետ», - փոխանցեց Նալբանդյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք կողմերի միջեւ արդեն պայմանավորվածություն կա Ղարաբաղը շրջապատող հինգ շրջանները Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ, Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման մնացած հարցերը դժվար թե ինչ-որ լուծում գտնեն:

«Դա ոչ միայն Հայաստանը` եռանախագահներն էլ են հասկանում եւ բոլորն են հասկանում, որ գլխավոր հարցը հիմնախնդրի Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ճանաչման եւ այդ իրավունքի իրագործման հարցն է: Առանց այդ հարցի լուծման մնացած հարցերը դժվար թե ինչ-որ լուծում գտնեն», - ասաց Նալբանդյանը:

Չորեքշաբթի օրը ավելի ուշ Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուն հանդիպել է նախարար Էդվարդ Նալբանդյանին, ապա` նախագահ Սերժ Սարգսյանին:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանը բանագնացին ընդունել է Ռեջեփ Էրդողանի խնդրանքով: Սինիրլիօղլուն Սերժ Սարգսյանին է փոխանցել Թուրիքայի վարչապետի գրավոր եւ Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի բանավոր ուղերձները:

«Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը Թուրքիայից ակնկալում է գործնական քայլեր, որոնք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացում կերաշխավորեն վճռական տեղաշարժ: Բանագնաց Սինիրլիօղլուն Հայաստանի Հանրապետության նախագահին է փոխանցել թուրքական կողմի հավաստիացումները հայ - թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջընթաց ապահովելու պատրաստակամության վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի վկայությամբ` իր բանագնացի միջոցով Ռեջեփ Էրդողանը Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպում է հայցել Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում:

Թուրքական աղբյուրները եւս հաղորդել էին, որ Սինիրլիօղլուն Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու է Վաշինգտոնում կայանալիք համաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյան - Ռեջեփ Էրդողան հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:
XS
SM
MD
LG