Մատչելիության հղումներ

FIDH-ի համաժողովը Հայաստանի իշխանություններից պահանջում է «ազատ արձակել քաղբանտարկյալներին»


FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը (աջից) միանում է ընդդիմադիր ցուցարարներին, 6-ը ապրիլի, 2010թ.

FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը (աջից) միանում է ընդդիմադիր ցուցարարներին, 6-ը ապրիլի, 2010թ.

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը երեքշաբթի օրը Երեւանում անցկացվող իրավապաշտպանների համագումարի բացման արարողությանը Հայաստանի իշխանություններին կոչ արեց՝ «անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին»:

Այս կոչը Սուեր Բելասենը հնչեցրեց համաժողովի անունից, ինչպես նաեւ իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում ընտրական գործընթացների եւ մամուլի ազատության խոչընդոտների վերաբերյալ:

FIDH-ը, ինչպես նշեց տիկին Բելասենը, պահանջում է նաեւ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների եւ իրավապահ մարմինների կողմից ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ արդյունավետ քննություն անցկացնել: FIDH-ի նախագահը ասաց, որ իրենց մտահոգությունները հայտնել են Հայաստանի իշխանություններին

«Հուսով ենք, որ կոնկրետ արձագանք կստանանք մեր մտահոգությունների վերաբերյալ: Մենք շարունակելու ենք մեր հարցադրումները մինչեւ պատասխան ստանալը», - հայտարարեց Սուեր Բելասենը։

FIDH-ի նախագահը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համագումարը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 95–րդ տարելիցից օրեր առաջ, եւ մասնակցող իրավապաշտպանները կայցելեն Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Երբ խոսքը տրվեց Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, հետընտրական իրադարձությունների առնչությամբ նախկին կալանավոր Վարդգես Գասպարին, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ մի շարք ակտիվիստներ բանտարկված ընդդիմադիրների նկարներով պաստառներ պարզեցին, իսկ ՍԴ նախագահի ելույթից հետո դահլիճում լսվեցին ինչպես ծափահարություններ, այնպես էլ սուլոցներ: Նման մի պիկետ եղավ նաեւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի ելույթի ժամանակ:

Երեւանի օպերայի եւ բալետի շենքի մետ, ուր անցկացվում էր համագումարը, բողոքի ցույց էր անցկացնում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն։ Բանտարկյալների զոլավոր զգեստներով 12 երիտասարդներ, որոնք իրենց վրա կրում էին նաեւ կալանավորված ընդդիմադիրների անուն ազգանունները, շղթայակապ կանգնած էին կողք կողքի։ Մյուս ցուցարարները պաստառներով եւ «Մարտի 1»-ի զոհերի եւ բանակում խաղաղ պայմաններում զոհվածների նկարներով կանգնած էին նրանց կողքին եւ պարբերաբար վանկարկում էին՝ ամոթ:

FIDH-ի համագումարին մասնակցող իրավապաշտպանները անտարբեր չմնացին՝ շատերը մոտենում էին, հայտնում իրենց աջակցությունը։ Նրանց մեջ էր եւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը, ով ողջագուրվեց պիկետի մասնակիցների հետ եւ մի քանի րոպե վանկարկեց «լիբերթի»՝ ազատություն:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համագումարը շարունակվելու է եւս երկու օր:

XS
SM
MD
LG