Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հույսեր է կապում Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցելության հետ


Ալի Հասանով
Ալի Հասանով

Ադրբեջանում հավատում են, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը կդառնա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ Միացյալ Նահանգների ղեկավարության հետ հանդիպման հիմնական թեմաներից մեկը։ Այդ մասին, ըստ ադրբեջանական Trend գործակալության, երեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով վարչության պետ Ալի Հասանովը։

«Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների նախագահը, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ներկայացված երկրի առաջնորդ, կստիպի պաշտոնական Երեւանին հրաժարվել իր անսկզբունքային եւ զավթողական քաղաքականությունից եւ կառուցողական դիրքորոշում որդեգրել», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

«Կարծում ենք, որ այդ հարցը կդառնա Թուրքիայի վարչապետի եւ Միացյալ Նահանգների նախագահի օրակարգի գերակայություններից մեկը, եւ հույս ունենք, որ այդ հանդիպման ընթացքում կորոշվի Հայաստանի նախագահի վրա ազդեցության մեխանիզմը», - հայտարարել է նախագահ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչը։

Անցած շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հաստատել է, որ մեկնելու է Վաշինգտոն` մասնակցելու ապրիլի 12-13-ը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում անցկացվելիք միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին: Ավելի վաղ՝ մարտի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման հետ կապված՝ էրդողանը հայտարարել էր, որ չի մասնակցի գագաթնաժողովին։

Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի մայրաքաղաքում տեղի կունենա նաեւ հանդիպում Հայաստանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG