Մատչելիության հղումներ

Երեւանում մեկնարկեց FIDH-ի 37-րդ համագումարը


Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարը Երեւանում
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարը Երեւանում

Երեքշաբթի օրը Երեւանում իր աշխատանքը սկսեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարը, որին մասնակցում են 140 երկրներից շուրջ 300 պատվիրակներ:

«Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը համեմատաբար բարվոք է, եւ այդ պատճառով էլ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան Հայաստանում է անցկացնում իր 37-րդ համագումարը», - մինչեւ համաժողովի մեկնարկը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց իրանցի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին։

Իրանցի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադի
«Համագումարն այստեղ անցկացնելու որոշում կայացնելիս մենք չէինք պնդում կամ հավատում, որ այստեղ մարդու իրավունքների ոտնահարումներ չկան, մենք գիտենք, որ դրանք առկա են։ Ամեն դեպքում մենք որոշեցինք այստեղ անցկացնել, քանի որ մտածեցինք, որ այստեղ այնքան վատ չէ, որքան մյուս երկրներում։ Մենք միասնաբար կաշխատենք անել ամեն ինչ` իրավիճակը բարելավելու համար», - ասաց Շիրին Էբադին։

«Մենք եկել ենք, որպեսզի Հայաստանը իրական առաջընթաց արձանագրի արդարադատության ոլորտում», - հայտարարեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը՝ հավելելով. - «Մեր գալու նպատակն այստեղ այն է, որ Հայաստանը իրական առաջընթաց ապրի, իսկ յուրաքանչյուր առաջընթաց հենվում է նախեւառաջ արդարադատության իրականացման վրա»։

Համագումարը նվիրված է հենց արդարադատության ոլորտի նոր մարտահրավերներին։

«Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, մարտի 1-ի դեպքերի բացահայտումն ու քաղաքական բանտարկյալներն են լինելու մեր ուշադրության կենտրոնում»,- հայտարարեց Բելասենը՝ վերահաստատելով այն, ինչ ասել էր երեկ Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ ունեցած իր հանդիպման ժամանակ։ - «Ես չեմ եկել միայն պաշտոնատար անձանց ձեռքերը սեղմելու համար, եւ երեկ ես դա ասացի զոհերի հարազատների հետ հանդիպմանը: Ոչ մի մարդ արարած, ոչ մի հայր կամ մայր չի կարող այն բաներից հետո, ինչ ես լսեցի երեկ, մնալ անսիրտ եւ չփորձել ձեռնարկել հնարավորը, որպեսզի այդ հարցերին լուծում տրվի։ Հետեւաբար մենք պետք է հիշեցնենք իշխանություններին, որ չի կարելի լռության մատնել այս ամենը, նրանք պետք է անեն ամեն ինչ, ամեն ինչ պետք է բացահայտվի: Մենք չենք եկել այստեղ պարգեւներ բաժանելու ոմանց, այդ բոլոր ոճիրները պետք է բացահայտվեն, եւ որեւէ մեկը չպետք է մնա անպատիժ։ Ամեն ինչ անելու ենք նաեւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար։ Վստահ եղեք, որ միջազգային համերաշխությունը ձեր կողքին է, եւ մենք կհասնենք նրանց ազատ արձակմանը»:

Հարկ է նշել, որ տեղացի իրավապաշտպաններից ոմանք բոյկոտել են համագումարը։

«Դա իրենց` մեր կոլեգաների դիրքորոշումն է, եւ մենք ողջունում ենք ցանկացած դիրքորոշում», - ասաց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային անդամակցող «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւս հրաժարվել է ելույթ ունենալ համագումարում:

«Մեզ համար կարեւոր էր, որ քաղբանտարկյալներին եւ մարտի 1-ին առնչվող հարցերը համագումարում բարձրացվեին առավելագույնս ապակուսակցական ձեւով, սակայն օմբուդսմենը հրաժարվեց ելույթ ունենալու իր հնարավորությունից` պատճառաբանելով թե այդ ֆորմատով չի կարող ներկայացնել իր կարծիքը։ Օմբուդսմենի բացակայության բացը կլրացնի Արտակ Զեյնալյանը, ով զբաղվում է թե' զոհերի հարազատների իրավունքներով եւ թե' քաղբանտարկյալներ հարցերով», - ասաց Արտակ Կիրակոսյանը։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի նախագահը հաջողություն եւ արդյունավետ աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին եւ հույս հայտնել, որ նրանք այս օրերին նաեւ հնարավորություն կունենան ծանոթանալու մեր երկրի պատմությանն ու ավանդույթներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG