Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Աշխարհը պետք է արձագանքի»


Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը գերմանական Der Spiegel պարբերականին, նախագահի գրասենյակի կողմից տարածված պաշտոնական թարգմանությամբ։

Der Spiegel. «Պարոն Նախագահ, 2008թ. Դուք Ձեր թուրք գործընկերոջ հետ ներկա էիք ձեր երկու երկրների միջև ֆուտբոլային խաղին: Այն ժամանակ դա սենսացիա համարվեց: Զղջո՞ւմ եք, որ հրավիրել էիք Ձեր թուրք գործընկերոջը Հայաստան»:

Սերժ Սարգսյան. «Ոչ: Ես համոզված եմ, որ համագործակցությունը հայերի եւ թուրքերի համար այլընտրանք չունի: Մենք ցանկանում էինք ճեղքել հարյուրամյակներ տևող թշնամությունը: Սկզբից ևեթ էլ ինձ համար պարզ էր, որ սա հեշտ գործընթաց չի լինելու»:

Der Spiegel. «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Շփիգել»-ի հետ զրույցում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Ցեղասպանության մասին ասաց, որ «հայերի դեմ Ցեղասպանության մասին խոսք լինել չի կարող»: Ինչու՞ ձեր հարևանը չի համակերպվում իր անցյալի հետ»:

Սերժ Սարգսյան. «Պարոն Էրդողանը մի անգամ էլ ասել էր, թե թուրքերը չէին կարող ցեղասպանություն իրագործել, եւ թե թուրքական պատմությունն «արեւի պես պայծառ» է: Թուրքերն ընդդիմանում են կատարվածը ցեղասպանություն որակելուն: Սակայն, որքան էլ մեծ լինի Թուրքիայի դիմադրությունը, դա այն հարցը չէ, որ Անկարան պետք է որոշի»:

Der Spiegel. «Հիմա Էրդողանը նույնիսկ սպառնում է Թուրքիայում ապօրինի ապրող հազարավոր հայերի վտարմամբ»:

Սերժ Սարգսյան. «Նման անընդունելի արտահայտություններն իմ ազգի մեջ Ցեղասպանության հիշողություններ են արթնացնում: Ցավոք, թուրք քաղաքական գործիչների շուրթերից նման հայտարարություններն ինձ համար անակնկալ չեն: Ոչ վաղ անցյալի պատմության մեջ էլ կարելի է նմանատիպ հայտարարություններ գտնել: 1988թ. էլ Ադրբեջանում նմանատիպ կոչեր հնչեցին: Արդյունքում ադրբեջանական Սումգայիթ եւ Բաքու քաղաքներում ջարդեր եղան, որոնց զոհ գնացին մի քանի տասնյակ հայեր»:

Der Spiegel. «Ի՞նչ դիրքորոշում պիտի ցուցաբերի միջազգային հանրությունն այս հարցում»:

Սերժ Սարգսյան. «Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի: Ամերիկան, Եվրոպան, նաեւ Գերմանիան, բոլոր պետությունները, որոնք ընդգրկված են հայ թուրքական մերձեցման այս գործընթացում, պետք է հրապարակային դիրքորոշում արտահայտեն: Եթե բոլոր պետությունները Ցեղասպանությունն արդեն ճանաչած լինեին, թուրքերն այդպես չէին արտահայտվ»: Հուսադրող է, որ նաեւ Թուրքիայում բազմաթիվ երիտասարդներ բողոքեցին այդ հայտարարության դեմ: Այնտեղ նոր սերունդ է մեծանում, որի կարծիքը քաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի առնի»:

Der Spiegel. «Թուրքիան էլ Ձեզ մեղադրում է պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը կարծր դիրքորոշում ցուցաբերելու համար: Ինչո՞ւ եք դեմ այդ գաղափարին»:


Սերժ Սարգսյան. «Ինչպե՞ս կարող է նման հանձնաժողովն անաչառ աշխատել, եթե «ցեղասպանություն» եզրույթը գործածելու համար Թուրքիայում մարդկանց հետապնդում եւ դատապարտում են: Անկարայի համար կարեւորը որոշումները ձգձգելն է, որպեսզի, երբ այլ պետությունների խորհրդարանները կամ կառավարությունները կոչ անեն Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը, կարողանան ասել` սպասեք հանձնաժողովի արդյունքներին: Նման հանձնաժողով ստեղծելը կնշանակեր կասկածի տակ դնել մեր ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանության փաստը: Դա մեզ համար անընդունելի է: Հանձնաժողովի ստեղծումն այն դեպքում իմաստ կունենար, եթե Թուրքիան իր մեղքը խոստովաներ: Այդ ժամանակ գիտնականները կարող էին համատեղ հետազոտել այդ ողբերգությանը հանգեցրած պատճառները»:

Der Spiegel. «Ցեղասպանությունից անցել է արդեն 95 տարի, ինչո՞ւ է դրա ճանաչումը Հայաստանի համար դեռ այսքան կարևոր»:

Սերժ Սարգսյան. «Սա պատմական արդարության և մեր ազգային անվտանգության հարց է: Նման սարսափելի իրադարձության կրկնությունը կանխելու լավագույն ճանապարհն այն հստակ դատապարտելն է»:

Der Spiegel. «Ձեր նստավայրի պատուհանից երեւում է Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը: Այսօր նա սահմանի այն կողմում է` անհասանելի: Թուրքիան վախենում է տարածքային և փոխհատուցման պահանջներից: Դուք Արարատը հե՞տ եք ուզում»:

Սերժ Սարգսյան. «Արարատը մեզնից ոչ ոք չի կարող խլել. այն մեր սրտերում է: Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայի տանը Դուք անպայման կգտնեք Արարատ լեռան պատկերը: Ես համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ Արարատը կլինի մեր երկու ազգերի ոչ թե բաժանման, այլ փոխըմբռնման խորհրդանիշը: Հստակեցնեմ, սակայն, հետեւյալը. Հայաստանի որևէ պաշտոնատար անձ երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային: Թուրքերն իրենք են դա մեզ վերագրում, գուցե մեղքի գիտակցումի՞ց»:

Der Spiegel. «Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեր սահմանները փակ են, Իրանն ու Վրաստանն էլ դժվար հարևաններ են: Ավելի ճիշտ չէ՞ր լինի Թուրքիայի հետ Ցեղասպանության շուրջ անվերջ վիճելու փոխարեն ճեղքել այդ մեկուսացումը»:

Սերժ Սարգսյան. «Մենք Ցեղասպանության ճանաչումը չենք կապում սահմանների բացման հետ: Եւ մեր մեղքը չէ, որ մերձեցումը չի կայանում»:

Der Spiegel. «Թուրքիան ցանկանում է սահմանի բացումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացման հետ: Հայաստանը պատերազմել է այս տարածքի համար, որին Խորհրդային Միության փլուզումից հետո հավակնում է Ադրբեջանը, որը, սակայն, մեծ մասամբ բնակեցված է քրիստոնյա հայերով»:


Սերժ Սարգսյան. «Թուրքիան մշտապես մեր կողմից զիջումներ է ուզում: Դա, սակայն, անհնար է: Կարևորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է:Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ, խնդիրը հաշված ժամերի ընթացքում կարող է լուծվել: Ցավոք, տպավորություն կա, թե նրանք ցանկանում են խնդիրը ռազմական ճանապարհով լուծել: Ադրբեջանցիները դեռեւս կարծում են, թե Ղարաբաղը պետք է ներառվի Ադրբեջանի կազմում: Իսկ վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ` կնշանակի, որ կարճ ժամանակահատվածում հայերի այնտեղ մնալն անհնարին կդարձվի` Լեռնային Ղարաբաղը կհայաթափվի»։

Der Spiegel. «Ի՞նչ լուծում եք Դուք առաջարկում»:

Սերժ Սարգսյան. «Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ, խնդիրը հաշված ժամերի ընթացքում կարելի է լուծել: Ինչու՞ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: Ուրեմն, ինչու՞ Ղարաբաղը չպետք է ունենա նույն իրավունքները, մի՞թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի եւ Թուրքիայի պես հովանավոր: Մենք դա արդարացի չենք համարում:

Der Spiegel. «Արդյոք կհամաձայնվե՞ր Հայաստանն Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի լայն ինքնավարության հետ, ինչպես, օրինակ, խորհրդային ժամանակներում»:


Սերժ Սարգսյան. «Իհարկե` ոչ: Վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ` նշանակում է, որ կարճ ժամանակամիջոցում Լեռնային Ղարաբաղը կհայաթափվի: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Տարածքը միայն 1923թ. Ստալինի ճնշման ներքո, կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ կցվել է Ադրբեջանին: Եւ որպեսզի Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, պետք է առնվազն վերականգնել Խորհրդային Միությունը: Չեմ կարծում, թե որեւէ մեկը դա լրջորեն ցանկանում է»:

Der Spiegel. «Թուրքիան արդեն տասնամյակներ շարունակ ձգտում է մտնել Եվրամիություն: Հայաստանը նու՞յնպես նպատակ ունի դառնալ Եվրամիության անդամ»:

Սերժ Սարգսյան. «Եվրոպական արժեքները հայերի համար գրավիչ են: Այդ պատճառով մենք բարեփոխում ենք մեր հանրային կառավարման համակարգը եվրոպական օրինակով: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ որպեսզի կարողանանք դառնալ մի համակարգի լիարժեք անդամ, մենք պետք է խնդիրներ լուծենք: Իսկ թե ինչքան կտևի այս գործընթացը` կախված է մեզանից, բայց նաեւ` Եվրամիությունից»:

Der Spiegel. «Ձեր երկիրը սահմանակցում է Իրանին: Ինչպե՞ս եք գնահատում Թեհրանի հետ միջազգային հանրության հակամարտությունը»:

Սերժ Սարգսյան. «Մենք մտահոգությամբ ենք հետևում դրան: Իրանը մեզ արտաքին աշխարհին կապող երկու ցամաքային ճանապարհներից մեկն է: Հայաստանում ցանկացած ոք գիտե, որ եթե Իրանը պատերազմի ընթացքում իր սահմանները բաց չպահեր, մեր քաղաքացիների կենսաապահովման հարցում դժվարություններ կլինեին: Նման վիճակ էր 2008-ի հնգօրյա պատերազմի ժամանակ, երբ կասեցվել էր Վրաստանով անցնող երկաթգծային կապը: Հիմա մենք Իրանի հետ կառուցում ենք խողովակաշար և երկաթգիծ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG