Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիության ընդլայնման հանձնակատարը վերահաստատում է աջակցությունը հայ-թուրքական մերձեցման գործընթացին


Շտեֆան Ֆյուլեն (ձ) եւ Էդվարդ Նալբանդյանը մամուլի ասուլիսում: Երեւան, 2010թ.

Շտեֆան Ֆյուլեն (ձ) եւ Էդվարդ Նալբանդյանը մամուլի ասուլիսում: Երեւան, 2010թ.

Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեքշաբթի օրը հայտարարեց, որ Եվրամիությունը սատարում է հայ-թուրքական մերձեցման գործընթացը եւ համարում, որ Ցյուրիխում նախաստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեն խելամիտ ժամկետներում եւ առանց լրացուցիչ նախապայմանների։

Շտեֆան Ֆյուլեն լրագրողնեի հարցերին պատասխանեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ավարտին հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում:

Ասուլիսում Հայաստանի արտգործնախարարը անդրադարձավ Ղարաբաղյան բանակցություններին՝ նշելով, որ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, եւ ոչ միայն մենք, եռանախագահներն էլ են հասկանում, որ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գլխավոր հարցը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է եւ իրագործումն է», - Երեւանում Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Նալբանդյանը՝ շարունակելով. - «Եվ եթե այդ գլխավոր հարցը լուծում գտնի, մնացած հարցերը ավելի դյուրին կլինի քննարկել եւ որոշումների, լուծումների գալ»:

Վերջին շրջանում, հիշեցնենք, արդբեջանցի պաշտոնատարները մի քանի անգամ հայտարարել են, թե Ադրբեջանն ընդունում է Մադրիդյան սկզբունքների փոփոխված տարբերակը եւ հայկական կողմից էլ այն ընդունվելու դեպքում արդեն հնարավոր կլինի սկսել խաղաղության մեծ համաձայնագրի ստորագրմանն ուղղված բանակցությունները:

Մինչդեռ հայկական կողմը հստակ պարզաբանումներ չէր ներկայացնում այս առնչությամբ: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս Der Spiegel-ին տված հարցազրույցում ասել էր. - «Կարեւորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ, հաշված ժամերի ընթացքում կարելի է խնդիրը լուծել»:

Պատասխանելով լրագրողի` Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին վերաբերող հարցին, Շտեֆան Ֆյուլեն ասաց, թե իրեն հայտնի չեն ադրբեջանական կողմի կոնկրետ հայտարարությունները:

«Կարող եմ ասել, որ ռազմաշունչ հռետորաբանությունը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Ցանկացած նման հայտարարություն վնասակար է հարցի լուծման համար», - հավելեց նա։

Եվրահանձնակատարն անդրադարձավ նաեւ շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզայի ստացման ընաթացակարգում արված վերջին փոփոխություններին՝ ասելով, թե դրանք «միանգամայն արդարացված են եւ ներմուծվել են մուտքի արտոնման գործընթացն առավել թափանցիկ եւ կանխատեսելի դարձնելու համար»։

Հիշեցնենք, երեկվանից Շենգենյան գոտում ընդգրկված երկրները մուտքի թույլտվություն են տրամադրում միասնական եւ փոփոխված կարգով, որը, ըստ եվրոպացի պաշտոնյաների, պետք է էականորեն հեշտացնի վիզա ստանալու գործընթացն ու կրճատի բյուրոկրատական քաշքշուկը։

Դիմումի քննարկման ժամկետը, ըստ նոր կարգի, 15 օր է, որից հետո դեսպանատունը հստակ պատասխան պետք է տրամադրի, ընդ որում` մերժման դեպքում նաեւ գրավոր պատճառաբանություն կցի, ինչը հնարավորություն կտա երրորդ երկրների քաղաքացիներին բողոքարկել մերժման որոշումը։

Ինչ վերաբերում է, մասնավորապես, Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ մուտքի վիզայի` հեշտացված կարգով ստանալու հեռանկարին, ապա դա, ըստ Շտեֆան Ֆյուլեի, Հայաստան - Եվրամիություն գործընկերության զարգացման նպատակներից է։ Նրա խոսքով, դա համագործակցության սերտացման հաջորդ քայլն է, որին հասնելը, սակայն, դյուրին չի լինի, եւ հարկ է, որ այդ ճանապարհին Հայաստանը կատարի գործընկերության ծրագրով նախատեսված մի շարք պայմաններ։

Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասուլիսում հայտարարեց, որ Եվրամիությունը ռազմավարական հետաքրքրություններ ունի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում:

«Այսօր Հայաստանն ու Եվրամիությունը հարաբերությունների՝ որակապես նոր մակարդակի բարձրացման շեմին են, եւ ես հույս ունեմ, որ շուտով մենք ի վիճակի կլինենք սկսեց ասոցիացման պայմանագրի բանակցությունները», - ասաց Ֆյուլեն:
XS
SM
MD
LG