Մատչելիության հղումներ

Ապրիլի 6-ի մամուլ


«Առավոտ»-ի հետ զրույցում հակադարձելով այս օրերին հնչող որոշ պնդումների` Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար, ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է. - «Հայաստանը Թուրքիայի հետ երբեք չի քննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը, որովհետեւ այդ երկիրը Լեռնային Ղարաբաղի հարցում ունի կանխակալ մոտեցում»:

«Գոլոս Արմենիի»-ին հարցազրույց է վերցրել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանից։ Հարց. - «Ինչպե՞ս եք դուք վերաբերվում, այսպես ասած, տարածքների հանձնմանը։ Այս հարցի առնչությամբ ի՞նչ պայմաններ կարող է առաջ քաշել պաշտոնական Ստեփանակերտը հակամարտության այլ կողմերի ու միջնորդների առջեւ»։ Սահակյանը պատասխանել է. - «Վերադարձ 1988 թվականի իրավիճակին` ինչպես կարգավիճակի, այնպես էլ տարածքների առումով խոսք չկա ու անգամ լինել էլ չի կարող։ Կարգավիճակի խնդիրը եւ անվտանգության հարցերը հանդիսանում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային քաղաքական ասպեկտները։ Մյուս բոլոր հարցերը ածանցյալ են։ Արցախի անվտանգության ապհովումը սեփական ուժերով եւ բոլոր հարթություններում նույնպես չի կարող ենթարկվել դույզն-իսկ կասկածի։ Իհարկե, մեզ կարող են ասել, որ Ադրբեջանը կխոստանա ռազմական գործողությունների չվերսկսում։ Բայց ո՞րն է ադրբեջանական երաշխիքների երաշխիքը։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա մենք պատրաստ ենք դրանք քննարկել Ադրբեջանի հետ»։

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Գերմանիայի միջազգային քաղաքականության եւ անվտանգության հարցերի ինստիտուտի գիտաշխատող, դոկտոր Ուվի Հալբախը: Հարց. - «Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած այցի ընթացքում Al Watan-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին… Կարո՞ղ է նրա այս դիրքորոշումը նպաստավոր լինել հայ-թուրքական եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման համար»: Հալբախը պատասխանել է. - «Ես միանգամայն համաձայն եմ այդ առաջարկի հետ, ինչը ունակ է իսկապես բեկում մտցնել հակամարտության պատմության մեջ: Ես համոզված եմ, որ հակամարտությունը պետք է լուծվի հայկական զորքերի դուրսբերմամբ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող առնվազն 5 շրջաններից՝ բացառությամբ Հայաստանը Ղարաբաղի հետ կապող միջանցքի: Մյուս կողմից՝ Ադրբեջանը կարող է երաշխավորել ինքնորոշման իրավունք Լեռնային Ղարաբաղին: Բայց ես կարծում եմ, որ այս հարցը երկար ժամանակ է բանակցվել, քննարկվել ու որեւէ բեկում չի արձանագրվել գործընթացում: Այսպիսի խոստումներ շատ անգամներ են եղել: Ադրբեջանը խոստացել է բազմաթիվ զիջումների գնալ, մշտապես ասել է, որ պատրաստ է բարձր ինքնավարություն շնորհել Ղարաբաղին: Երկար ժամանակ է, ինչ խոսվում է Հայաստանի կողմից տարածքներից հեռանալու մասին, ուստի պետք է ասեմ, որ համոզված չեմ, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարող է բեկում մտցնել՝ խոսքից իրապես դառնալով գործ»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Դատելով ամենից, Հայաստանի նախագահի ու Թուրքիայի վարչապետի Վաշինգտոնում գտնվելու օրերին Միացյալ Նահանգների ղեկավարությունը հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ծրագրել է հերթական «քաղաքական սյուրպրիզը»։ Բնականաբար նման կարճ ժամկետներում ու միաժամանակ կողմերի սկզբունքային տարաձայնությունների պայմաններում, ԱՄՆ-ը կարող է հասնել ո՛չ թե արձանագրությունների հաստատմանը , այլ դրանց առժամյա «փրկությանը», այսինքն՝ վավերացման ժամկետների երկարաձգմանը։ Հասկանալի է նաեւ, որ նման հեռանկարը ձեռնտու չէ առաջին հերթին հայկական կողմին, որը բազմիցս նախազգուշացրել է իր ստորագրությունը հետ կանչելու հավանականության մասին։ Կարծում ենք, Վաշինգտոն չգնալը անթույլատրելի շքեղություն է, սակայն գնալ ու համաձայնվել ինչ-որ նոր, թվով երկրորդ ճանապարհային քարտեզի, նշանակում է հնարավորություն տալ Թուրքիային եւս մի քանի տարի խաղարկել իր անօրինական «Ղարաբաղյան նախապայմանը»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Մեկ էլ տեսար` առաջիկայում ՀՅԴ-ն քննարկեց կառավարության հրաժարականը պահանջելու հարցը: Համենայն դեպս, դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ հայտարարել է, թե դա չի բացառվում: ՀՅԴ-ն, որքան հասկանում ենք, գտնում է, որ Հայաստանում պիտի «արմատական փոփոխություններ» տեղի ունենան: Այսինքն, մանր-մունր փոփոխությունները բավարար չեն: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ Տիգրան Սարգսյանը հենց միայն մանր-մունր հարցեր կարող է լուծել: Ինչ է, դաշնակցականները լրջորեն մտածում են, որ Տիգրան Սարգսյանը կարո՞ղ է ինքնուրույն «արմատական փոփոխություններ» իրականացնել: Նրանք չգիտե՞ն, որ կարեւորագույն հարցերը (այդ թվում` սոցիալ-տնտեսական) նախագահականում են լուծվում: Իհարկե գիտեն: Բա էլ որպես ի՞նչ են ուզում քննարկել կառավարության հրաժարականը պահանջելու հարցը: Եթե իսկապես այդքան շատ են ցանկանում, որ Հայաստանում փոփոխություններ լինեն, թող պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG