Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը պնդում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը


Օգտվելով ընդդիմությանը վերապահված իրավունքից՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը ապրիլի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին նիստի ընթացքում արտահերթության կարգով օրակարգ կմտցնի «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում իրենց առաջարկած փոփոխությունները։

Դաշնակցություն խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի փոխանցմամբ, ՀՅԴ-ի առաջարկած փոփոխությամբ Հայաստանը ստանում է լրացուցիչ գործիք՝ դիվանագիտական բանակցություններում պաշտպանելու երկրի շահը։

Դաշնակցությունը, մասնավորապես, առաջարկում էր, որ խորհրդարանին տրվեր միջազգային պայմանագրերը վերապահումով վավերացնելու իրավունք։ Կառավարությունը աննպատակահարմար էր համարել օրինագծի ընդունումը՝ նշելով, որ Սահմանադրության համաձայն երկրի խորհրդարանը կարող է վավերացնել, կասեցնել կամ չեղյալ համարել միջազգային պայմանագրերը, իսկ վերապահումով վավերացնելու լիազորություն խորհրդարանին տրված չէ։

Դաշնակցությունը չի բացառում, որ կարող են ստորագրահավաք նախաձեռնել եւ դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով գործող օրենքի սահմանադրականության հարցը, քանի որ դրանում ներառված չէ վերապահման մասին դրույթը։

Սահմանադրական իրավունքի փորձագետ, իրավաբան Հրայր Թովմասյանի կարծիքով, վավերացնել նշանակում է հաստատել այս կամ այն գրությունը, փաստաթուղթը, ուստի այն բացառում է վերապահում հասկացությունը։ Ավելին, ըստ Թովմասյանի, հակասահմանադրական կլիներ, եթե խորհրդարանին օրենքով տրվեր վերապահումով վավերացնելու հնարավորությունը։

Դաշնակցականներ Արծվիկ Մինասյանի եւ Լիլիթ Գալստյանի փոխանցմամբ, վերապահում անելու հոմանիշը հայտարարություն անելն է, իսկ Սահմանադրությամբ Ազգային ժողովին հայտարարություն անելու լիազորություն տրված է։

«Սա նշանակում է, որ մենք լրացուցիչ լիազորություններ, հակասահմանադրական նոր գործառույթներ Ազգային ժողովի համար չենք ուզում», - պնդում է Լիլիթ Գալստյանը։ - «Ես զարմանում եմ, թե մեր քաղաքական մեծամասնությունը ինչո՞ւ չի ցանկանում հնարավոր սպառնալիքներից ապահովագրել մեզ»։

Բացի դրանից, ըստ Գալստյանի, Սահմանադրական դատարան դիմելու նպատակն է նաեւ հստակեցնել, թե որքանո՞վ է օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը համապատասխանում երկրի հիմնական օրենքին։
XS
SM
MD
LG