Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը տնտեսական աճի առավել լավատեսական ցուցանիշ է հրապարակում


Հայաստան -- Կիսակառույց շինություն Երեւանում

Հայաստան -- Կիսակառույց շինություն Երեւանում

Կառավարությունը փոխել է այս տարվա տնտեսական աճի ցուցանիշը։ Գործադիրի կանխատեսմամբ, բյուջեում ամրագրված 1.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2010 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմելու է 1.8 տոկոս։ Երկուշաբթի օրը այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ֆինանսների փոխնախարար, հանրապետական Վարդան Արամյանը:

Կառավարությունը գնացել է ցուցանիշի փոփոխությանը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ տարված համապատասխան աշխատանքից հետո։ Ֆինանսների փոխնախարարի խոսքով. - «Հնարավոր է, որ մեր տնտեսությունը շատ ավելի բարձր տնտեսական աճ ունենա։ Դուք կտեսնեք, որ մինչեւ հուլիս ամիսը մեր տնտեսական աճի ցուցանիշը արագացող է լինելու»։

Այդուհանդերձ, ըստ Արամյանի, բնակչության մեկ շնչին հասնող տնտեսության համախառն ներքին արդյունքի մակարդակով 2011 թվականին նոր հնարավոր կլինի հասնել 2008-ի մակարդակին։

Նույն ասուլիսին մասնակցող Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, դաշնակցական Արծվիկ Մինասյանը կասկած հայտնեց, թե կառավարությանը կհաջողվի ապահովել նման տնտեսական աճ:

«Քանի որ մեր կառավարությունը տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառը կապում է տրանսֆերտների եւ հանքահումքային ապրանքատեսակների գների անկման հետ, եւ դրանց բարձրացումը դրել է բյուջեի մասին օրենքում նախատեսված 1.2 տոկոս աճի հիմքում, կառավարության որեւէ կանխատեսման ես չեմ կարող հավատալ, որովհետեւ ազդակները դրսից են գալիս», - հայտարարեց Մինասյանը։

Շարունակելով թեման՝ դաշնակցական պատգամավորն ավելացրեց, թե մինչեւ 2008 թվականը Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող աճը ոչ թե որակական էր՝ բազմաճյուղ, այլ քանակական: Ըստ Մինասյանի, 2008-ից պետք է որակական փոփոխություններ տեղի ունենային Հայաստանի տնտեսության մեջ, սակայն դա տեղի չունեցավ, որի պատճառով էլ նախորդած տարիների տնտեսական աճը պարզապես որակազրկվեց: Հարց հնչեց` Արծվիկ Մինասյանը տնտեսության մեջ որակական փոփոխություն կատարելու անընդունակությունը պայմանավորո՞ւմ է 2008 թվականին տեղի ունեցած Հանրապետության նախագահի փոփոխությամբ:

«Այո, դա է նաեւ պատճառներից մեկը, որ ընտրություններում մեր հասարակության ձայները վերցրեցին այն անձինք, ում համար կարեւորը ոչ թե տնտեսության մեջ համամասնական զարգացում ապահովելն էր, այլ օլիգարխներին ավելի նոր հնարավորություններ ապահովելը», - ընդգծեց դաշնակցական պատգամավորը։
XS
SM
MD
LG