Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան հետամուտ է «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտմանը


Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասեն

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասեն

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում զոհվածների հարազատների հետ հանդիպման ժամանակ երկուշաբթի օրը հայտարարեց, որ «Մարտի 1»-ի թեման միշտ եղել է իրենց ուշադրության կենտրոնում։

«2008-ի մարտից ի վեր 5 անգամ եկել ենք Հայաստան։ Հավատացեք, ամեն անգամ այստեղ գալով, մենք արդյունք ենք արձանագրել։ Այս անգամ էլ որոշեցինք գալ եւ ցույց տալ, որ մենք աջակցում ենք ճշմարտությանը, արդարությանը եւ բոլոր նրանց, ովքեր զոհվել են ազատության համար: Ձեր որդիները հենց այնպես չեն զոհվել», - հայտարարեց Սուեր Բելասենը՝ պարզաբանելով. - «Ցանկանում եմ ասել, որ նմանատիպ սարսափելի իրավիճակներում որոշ երկրներում հասել ենք նրան, որ մեղավորները ամենաբարձր մակարդակներով, ներառյալ երկրների ղեկավարներ, կանգնեն դատարանի առջեւ եթե ոչ իրենց երկրներում, ապա միջազգային ատյաններում: Եվ այս փորձով, որ մենք արդեն ունենք, եկել ենք այստեղ ոչ միայն սեղմելու Հանրապետության նախագահի ձեռքը, այլ նաեւ ցույց տալու այդ փորձը եւ ասելու, թե ինչպես այս երկրում պետք է արդարադատություն իրականացվի»։

Հիշեցնելով, որ աշխարհի 140 երկրների 300-ից ավելի պատվիրակներ գալու են Հայաստան՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ խոստացավ ե՛ւ նրանց, ե՛ւ իրեն հասանելի բոլոր ամենաբարձր մակարդակներում ներկայացնել այն, ինչ զոհերի հարազատները պատմել են իրեն։

«Ողջ աշխարհը մեզանից կիմանա, թե ինչ է տեղի ունեցել ձեր զավակների հետ: Կցանկանայի պաշտոնապես ասել, որ 2008-ի մարտից ի վեր այդ թեման երբեք մեր ուշադրությունից դուրս չի մնացել եւ դուրս չի մնա: Եթե անհրաժեշտ լինի մեր աջակցությունը տեղական դատարաններում, Եվրադատարանում եւ արդարադատության մեզ հասանելի ցանկացած մակարդակում, մոտիկից կհետեւենք իրականացվող քննություններին», - հայտարարեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը:

XS
SM
MD
LG