Մատչելիության հղումներ

Լրագրողների եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների տարածաշրջանային հանդիպում Իզմիրում


Ապրիլի 3-4-ը թուրքական Իզմիր քաղաքում տարածաշրջանային հանդիպում է անցկացվել, որին մասնակցել են լրագրողներ, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ Թուրքիայից, Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Աբխազիայից:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ հանդիպման նպատակն էր «տարածաշրջանային լրագրողների եւ լրատվական հասարակական կազմակերպությունների շփումը, որը պետք է հիմք դնի համագործակցության եւ հնարավորինս խաղաղության եւ կայունության այս տարածաշրջանում»:

Զեկույցներով հանդես են եկել բոլոր 5 կողմերի ներկայացուցիչները, այդ թվում հայաստանյան օրաթերթի խմբագիրը:

Թուրքական մամուլի հաղորդագրությունների համաձայն` քննարկվող թեման պետք է լիներ հակամարտությունների կարգավորման լուսաբանումը: Արամ Աբրահամյանի վկայությամբ` այդ մասին շատ ընդհանուր է խոսվել. - «Այսինքն, որպեսզի այդ լուսաբանումների մեջ չօգտագործվի թշնամական լեզուն, որպեսզի այդ լուսաբանումները չնպաստեն պատերազմների կամ հակամարտությունների հրահրմանը, եւ ճիշտ հակառակը` գտնվեն ինչ-որ ընդհանուր կետեր, ընդհանուր կապեր, որոնք կնպաստեն հասարակական լարվածության թուլացմանը` մոտավորապես դա էր իմաստը»:

«Առավոտ»-ի խմբագիրը հայտնեց, որ իր զեկույցում ներկայացրել է հայկական տպագիր մամուլի առանձնահատկությունները, ինչպես նաեւ այն նախապայմանները, ըստ որոնց, իր կարծիքով, «չպիտի շարժվեն նրանք, ովքեր ուզում են համագործակցություն». - «Դրանք մի քանի պայմաններ են: Նախ եւ առաջ, դու պետք է համոզված լինես, որ դիմացինդ, հարեւանդ, այս տարածաշրջանի մարդը խոսում է իր անունից եւ ոչ թե պետության, կառավարության, կամ իշխանության, ընդդիմության կողմից. նա պետք է հանդես գա որպես անհատ, որը արտահայտում է իր կարծիքը: Երկրորդն այն է, որ չպիտի ուշադրություն դարձվի մանրուքների վրա եւ մանրուքների շուրջ չսկսվի անհարկի բանավեճ: Երրորդն այն է, որ հարցը պետք է դիտվի քաղաքական հակասությունների եւ ոչ թե ազգային հակասությունների հողի վրա, այսինքն` այն բացասական բաները, որ դուք գտնում եք տվյալ տարածաշրջանում ձեր հարեւանների մեջ, դիտվեն քաղաքական առումով եւ ոչ թե այդ տվյալ էթնոսի հակադրվելու առումով: Եվ չորրորդը այն է, որ դուք չպիտի խորանաք այն խնդիրների մեջ, թե ով է ավելի հին, ով է ավելի հինավուրց ազգ, ով ավելի հին մշակույթ ունի, ով է ումից գողացել տվյալ երգը, երաժշտական գործիքը, որովհետեւ այդ վեճը հակաարդյունավետ է»:

«Ես բոլոր դեպքերում գտնում եմ, որ թե' ներքին եւ թե' արտաքին հարցերում լրագրությունը պետք է լինի լրագրություն, ոչ թե քարոզչություն` սա է, ինձ թվում է, հիմքը: Թե' ներքին, թե' արտաքին հարցերը լուսաբանելիս դու պետք է փորձես լսես հակառակ կողմը. եթե դու փորձում ես լսել հակառակ կողմը, ապա այդ խնդիրների լուծմանը դու նպաստում ես», - ընդգծեց Արամ Աբրահամյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG