Մատչելիության հղումներ

«Ժառանգության» կոչին դեռ արձագանք չկա


«Ժառանգություն» կուսակցության երկխոսության կոչին հայաստանյան ո'չ ընդդիմադիր, ո'չ էլ իշխանական քաղաքական ուժերից ոչ մեկը դեռեւս չի արձագանքել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց կուսակցության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

«Այս պահի դրությամբ չեմ ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ, կսպասենք մինչեւ պատասխանի համար առաջարկվող ժամկետի ավարտը», - նշեց Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» կուսակցությունը հայաստանյան ընդդիմադիր եւ իշխանական 5 քաղաքական ուժերի երկխոսության կոչ է անում` համոզմունք հայտնելով, որ Հայաստանը ներկայումս կանգնած է 93 թվականից ի վեր ամենավտանգավոր մարտահրավերի առջեւ։ «Ժառանգություն»-ը առաջարկում է ստեղծել քաղաքական ոչ ֆորմալ կենտրոն` «կլոր սեղանի» ձեւաչափով, ընդդիմության ու իշխանության հավասար ներկայությամբ, եւ համատեղ քննարկել այս ուժերին հուզող բոլոր հիմնական խնդիրներն ու գալ ընդհանուր հայտարարի:

«Ժառանգություն»-ը այդ հարցով պաշտոնական նամակով դիմել էր Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», ՀՅ Դաշնակցություն, «Օրինաց երկիր» կուսակցություններին եւ Հայ ազգային կոնգրեսին` ակնկալելով պաշտոնական արձագանք, որի համար առաջարկվող ժամկետը սպառվում է ապրիլի 9-ին:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG