Մատչելիության հղումներ

Էրդողանը կմեկնի Վաշինգտոն. հայ - թուրքական հանդիպման հավանականությունը մեծանում է


Ռեջեփ Էրդողան

Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ կմասնակցի ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում նախատեսված` միջուկային անվտանգությանը նվիրված համաժողովին: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը:

Էրդողանը լրագրողներին փոխանցել է նաեւ, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը հաջորդ շաբաթ կվերադառնա Վաշինգտոն:

Նախօրեին դեսպանի վերադարձը իր պարտականություններին Ռեջեփ Էրդողանը Վաշինգտոն մեկնելու իր որոշմամբ էր պայմանավորել:

Հինգշաբթի օրը անդրադառնալով դեսպան Նամիք Թանի հնարավոր վերադարձի մասին տեղեկություններին` Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին հայտարարել էր. - «Մենք կողջունենք Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի վերադարձը երկիր, բայց ի վերջո դա Թուրքիայի որոշելու խնդիրն է»:

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա խորհրդակցությունների մարտի 4-ին` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո: Թուրքիայի արտգործնախարարը, մասնավորապես, ասել էր, թե «դեսպանը ետ կվերադառնա միայն մի դեպքում` երբ պարզ դառնա այդ բանաձեւի ճակատագիրը»:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը քանիցս հայտարարել է, որ դեմ է բանաձեւի ընդունմանը, սակայն չի կարող ճնշում գործադրել օրենսդիր մարմնի վրա` բանաձեւը օրակարգ չմտցնելու հարցում:

«Մենք շարունակում ենք Թուրքիային եւ Հայաստանին քաջալերել անցած տարի ստորագրած արձանագրություններով ստանձնած համատեղ պարտավորությունները կատարելու հարցում», - ասել է Քրոուլին` հայտարարելով, թե անցած կիրակի օրը կայացած հեռախոսազրույցում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն ոչ միայն Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցի քննարկման օրակարգին են անդրադարձել, այլեւ առավել կարեւոր` հայ - թուրքական հաշտեցման գործընթացին:

Միաժամանակ, պետքարտուղարի օգնականը այդպես էլ չի պատասխանել հարցին` արդյո՞ք Միացյալ Նահանգները Թուրքիային որեւէ երաշխիք է տվել բանաձեւի հետագա ճակատագրի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG