Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանի շահերից բխող ամենալավ առաջարկն է»


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) մինչեւ սեպտեմբեր Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվելու հիմքեր չի տեսնում՝ «քանի որ երկրում շարունակվում է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ճգնաժամը»։

«Արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանի շահերից բխող ամենալավ առաջարկն է», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ «ողջամիտ» որակելով ընտրություններ անցկացնելու իրենց նշած ժամկետը. - «Եթե ավելի ուշ ընտրություններ լինեն, դա նշանակում է այս քաղաքական ճգնաժամի խորացում։ Իսկ ավելի շուտ ժամկետները անլուրջ կլինեին, որովհետեւ արտահերթ ընտրությունների համար պետք է նախապատրաստական աշխատանք ե՛ւ քաղաքական ուժերի համար, ե՛ւ նորմալ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու»։

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ հերթական ընտրությունները ինքը ավելի անիրատեսական է համարում, քան արտահերթ ընտրությունները։

Խոսելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին, Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե Քոչարյանն իր նախագահությունը ավարտել է 10 մարդկանց սպանությամբ, նրա նախագահությունը նշանավորվել է հոկտեմբերի 27-ի եւ շուրջ 3 տասնյակ այլ սպանություններով։

«Նրա խղճին է նաեւ 4 միլիարդ թալանված դոլարը, մենաշնորհային օլիգարխիկ համակարգի ստեղծումը Հայաստանում, Լեռնային Ղարաբաղի դավաճանական դուրսբերումը միջազգային բանակցությունների ֆորմատից եւ Հայաստանում անկախ հեռուստատեսության ոչնչացումը։ Եթե Հայաստանում կամ արտասահմանում դեռ մարդիկ կան, որոնք կարծում են, որ այդքան հանցագործություններ գործած և հասարակության համար այդքան ատելի մարդը որեւէ շանս ունի վերադառնալու քաղաքականություն, ուրեմն այդ մարդիկ շատ վատ են մտածում հայ ժողովրդի մասին», - հավելեց ՀԱԿ-ի համակարգողը՝ ընդգծելով, թե այսօր Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնում է գործող նախագահը։

«Ուղղակի, ըստ Ռոբերտ Քոչարյանի, նա սկսել է դրանք «վատ ներկայացնել» եւ Ռոբերտ Քոչարյանը չի հավատում, որ իր ձեռքով իշխանության ղեկին բերված Սերժ Սարգսյանը կկարողանա ապահովել իր անվտանգ ապագան», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Անդրադառնալով վերջին շրջանում ղարաբաղյան պատերազմի վերսկսման վերաբերյալ տարածվող լուրերին, Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը այդ խոսակցությունները համարում է քարոզչական հնարք, որով փորձ է արվում հասարակության ուշադրությունը շեղել իշխանությունների ձախողումներից։

«Վերջին շրջանում իշխանությունների գործողությունները վկայում են, որ նպատակ է դրվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության մոտ տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանին եւ Ղարաբաղին սպառնում է մոտալուտ պատերազմ, ինչի պատճառով պետությունը իբրեւ թե ձեռնարկում է պատերազմին նախապատրաստվելու անհապաղ գործողություններ», - հայտարարեց Լեւոն Զուրաբյանը։ - «Բանակցային ռեսուրսի սպառումից հետո ՀԱԿ-ը չի բացառում պատերազմի սանձազերծման հնարավորությունը, սակայն վստահ է, որ պատերազմի վերսկսման մասին ներկա խոսակցությունները իմիտացիոն եւ քարոզչական բնույթ են կրում եւ իշխանությունները փորձում են կեղծ ռազմական հիստերիայի հնարքներով հասարակության ուշադրությունը շեղել վարչակազմի ձախողումներից», - հավելեց ՀԱԿ-ի համակարգողը։

Ըստ Զուրաբյանի, իշխանությունների գործողությունները ուղղված են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության մոտ՝ «խուճապի այնպիսի մթնոլորտի ձեւավորմանը, որը, իրենց հաշվարկներով, թույլ կտա ժողովրդի համար որպես «չարյաց փոքրագույն», ավելի ընկալելի դարձնել այն զիջումները, որ ռեժիմը պատրաստվում է կատարել Ղարաբաղի հարցում»։
XS
SM
MD
LG