Մատչելիության հղումներ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նույնպես կաջակցի հայկական կրթական բարեփոխումներին


Արմեն Աշոտյանը եւ Լեյլի Մոշիրին ստորագրեցին համագործակցության ծրագիրը

Արմեն Աշոտյանը եւ Լեյլի Մոշիրին ստորագրեցին համագործակցության ծրագիրը

Այսուհետ ԿԳ նախարարությունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կհամագործակցեն` Հայաստանում կրթությունն ավելի հասանելի եւ որակյալ դարձնելու համար: Ապրիլի 2-ին նախարար Արմեն Աշոտյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրին ստորագրեցին համագործակցության ծրագիր` համաձայն որի 2 տարվա ընթացքում հայաստանյան կրթական բոլոր բարեփոխումների համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կտրամադրի 280.000 ԱՄՆ դոլար:

Նախատեսվում է ուշադրություն դարձնել մի քանի կարեւոր խնդիրների ` երեխայակենտրոն կրթություն, դպրոցների կառավարում, ինքնագնահատում, հատուկ կարիքներով երեխաների իրավունքների պաշտպանություն, կյանքի հմտությունների զարգացում: Թե՚ Լեյլի Մոշիրին եւ թե՚ նախարար Աշոտյանը կարեւորեցին հատկապես հատուկ կարիքներով երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց ինտեգրումը հասարակություն` սովորական դպրոցներում սովորելու միջոցով:

«Մեզ համար շատ կարեւոր ոլորտ է ներառական կրթությունը եւ վստահությունը, որ հանրակրթական դպրոցները պատրաստ են ընդունել եւ կրթել տարբեր կարողություններով երեխաների` հատկապես ֆիզիկական խնդիրիներ ունեցողներին», - նշեց Լեյլի Մոշիրին:

Նախարարությունն էլ խոստացավ հսկողություն սահմանել հատուկ դպրոցների եւ աշակերտների համար:

«Մենք շատ ուշադիր եւ հետեեւողական ենք լինելու հատուկ դպրոցներում երեխաների իրավունքների պատշպանության եւ քաղաքացիական հսկողության ներդրման մեխանիզմներին։ Հուսամ` մեկ ամսվա ընթացքում նաեւ կանոնակարգված իրավական դաշտ կունենանք», - ասաց նախարար Աշոտյանը։

XS
SM
MD
LG