Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահ Սերժ Սարգսյանը միանշանակ իր թեկնածությունը կառաջադրի 2013 թվականի նախագահական ընտրություններում։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարեց Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահը նշեց, որ հավանական չի համարում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը առաջիկա նախագահական ընտրություններում։

«Կանխավարկածային չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միասին կդնեն [թեկնածություն]։ Դա շարունակվող ծրագրեր են, եւ այս անգամ այդ շարունակությունն ապահովում է Սերժ Սարգսյանը», - ասաց Գալուստ Սահակյանը։

Ասուլիսին մասնակցող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Վազգեն Կարախանյանը, նույն հարցին պատասխանելով, ասաց, թե Հանրապետականը առաջնորդվում է կուսակցության որոշումներով. - «Այս պահին ուրիշ որոշում չկա։ Հաստատապես մենք պաշտպանելու ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը»։

2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին վերջերս հայտարարեց նաեւ իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առայժմ 2013 թվականի նախագահական ընտրություններին որեւէ թեկնածուի պաշտպանելու վերաբերյալ որոշում չի կայացրել։ Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, եւ կուսակցությունը նման հարց իր օրակարգում չունի։

Շուրջ մեկ տարի առաջ իշխող կոալիցիայից դուրս եկած եւ ընդդիմության շարքերն անցած Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասաց, թե Գերագույն մարմինը դեռեւս որոշում չի կայացրել, բայց քիչ հավանական է, որ Դաշնակցությունը պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

«Ինչո՞ւ պետք է պաշտպանենք։ Առավել հավանական է, որ մենք մեր թեկնածուն կունենանք», - ասաց Շահբազյանը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում կրկին հայտարարել է այն մասին, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելը դիտարկում են որպես լավագույն տարբերակ՝ ՝ «քանի որ երկրում շարունակվում է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ճգնաժամը»։

Այսօրվա ասուլիսում, խոսելով Սերժ Սարգսյանի վերընտրության հավանականությունից, Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ ամեն ինչ կախված է Հանրապետականի ցույց տված արդյունքներից, որոնք, նրա գնահատմամբ՝ բավարար են։ Բացի այդ, Հանրապետականի փոխնախագահի կարծիքով, գործող իշխանությունների վերընտրության շանսերը առավել մեծ են, որովհետեւ այսօրվա ընդդիմությունը իրական պայքար չի ծավալում։

Խոսելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, Գալուստ Սահակյանն ասաց, թե դա՝ անհեթեթություն է։

«Այս պահին բացի Երեւանի ասֆալտներից այլ քարոզչություն մենք չենք տեսնում, եւ Հայաստանը միայն Երեւանը չէ։ Դրանք սին երազներ են, որոնցով ընդդիմությունը փորձում է գործողություն ծավալել», - հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG