Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանցի Արթուր Օհանյանը անցած տարվա սեպտեմբերի 10-ին հեծանվով դուրս է եկել Յակուտիայից եւ գալիս է հայրենիք: Նա արդեն անցել է 11.5 հազար կիլոմետր, եւ մնացել է 500 կիլոմետր ճանապարհ:

Այժմ Օհանյանը Վլադիկավկազում է, եւ տեղական «Ալանիա» հեռուստաընկերությունը փոքր ռեպորտաժ է պատրաստել նրա ճամփորդության մասին:

Օհանյանն ասել է, որ շինարար է: Նա հայտարարել է, որ եթե անգլերեն իմանար` Չինաստանով կգար, քանի որ շատ է ցանկանում տեսնել Չինական մեծ պարիսպը, սակայն քանի որ անգլերեն չգիտի` Ռուսաստանով է գալիս, երթուղին էլ ինքն է գծել:

Երբ ճանապարհ է ընկել, հույս է ունեցել Նոր տարուն տանը լինել, սակայն Ռուսաստանի եղանակը, ձյունն ու բուքը, ճանապարհների վիճակը խոչընդոտել են նրա այդ մտադրության իրականացմանը:

Օհանյանը արդեն երկու հեծանիվ է փոխել այս ընթացքում. նոր հեծանիվները նրան նվիրում են հայկական համայնքները:

Չիտա, Իրկուտսկ, Կրասնոյարսկ, Նովոսիբիրսկ, Օմսկ, Չելյաբինսկ, Ուֆա, Վոլգոգրադ, Ռոստով, Պյատիգորսկ, Արմավիր` այս քաղաքներով է անցել հեծանվորդը իր ճանապարհին:

Վլադիկավկազի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա պատմում է իր ճամփորդության մասին, նկարագրում դժվարությունները, ցուրտը, պատմում է ճանապարհին հանդիպած սովորական մարդկանց մասին, որ նրանք շատ բարյացկամ են վերաբերվում իրեն` կանգնեցնում են, զրուցում, հարցուփորձ անում:

Օհանյանը իր հետ վերցնում է ամենաանհրաժեշտ իրերը` մի քիչ ուտելիք եւ հեծանիվը վերանորոգելու գործիքներ: Ամենաթանկարժեք իրը, ըստ նրա, լուսանկարչական ապարատն է. հարյուրավոր լուսանկարներ` տպավորություններ ճանապարհներից, հանդիպումներից:

Նա ասել է, որ առաջին անգամ է այսքան երկար ճամփորդության դուրս եկել հեծանվով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG