Մատչելիության հղումներ

Գերմանիայում մահմեդականների կուսակցությունը կմասնակցի երկրամասային խորհրդարանի ընտրություններին


Մզկիթ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի Դույսբուրգ քաղաքում
Մզկիթ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի Դույսբուրգ քաղաքում

Առաջին անգամ Գերմանիայում մահմեդականների հիմնած կուսակցությունը կմասնակցի երկրամասային օրենսդիր մարմնի` Հյուսիսային Ռեն-Վեստֆալիայի տեղական խորհրդարանի ընտրություններին։ Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն, մայիսի 9-ին նախատեսված քվեարկությանը առաջադրվել է նաեւ մահմեդական միգրանտների հիմնադրած «Նորացման եւ արդարության միությունը»։

Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում ստեղծված կուսակցությունը ղեկավարում է Բոննում մահմեդականների խորհրդի նախագահ Հալուք Յըլդըզը: Նա նմանատիպ նախաձեռնությամբ հանդես էր եկել նաեւ անցած տարի Բոննում անցկացված համայնքային ընտրություններում, որոնց արդյունքում մահմեդական միգրանտներին հաջողվել էր երկու տեղ ստանալ քաղաքային խորհրդում։ Այս անգամ թուրք քաղաքական գործիչը ակնկալում է առավել տպավորիչ արդյունքներ արձանագրել:

«Թվաբանությունը պարզ է», - փաստում է Deutsche Welle-ն եւ մանրամասնում. - «Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասում շուրջ մեկ միլիոն մահմեդական է ապրում, որոնց մեկ երրորդն արդեն Գերմանիայի քաղաքացի է եւ կարող է քվեարկել առաջիկա ընտրություններում»։

Ընդ որում, մայիսի 9-ին հաջողության հասնելու դեպքում մահմեդական կազմակերպության ղեկավարը մտադիր է զարգացնել քաղաքական գործունեությունն ու նոր կուսակցությամբ հանդես գալ նաեւ համադաշնային ընտրություններում։

«Մենք օտարներ չենք, այլ այս երկրի քաղաքացիներ», - հայտարարում է Յըլդըզը եւ ընդգծում. - «Գերմանիայի քաղաքական դաշտում գործող մյուս քաղաքական ուժերը դեռեւս պատրաստ չեն պաշտպանել մեր շահերը։ Մենք ուզում ենք, որ մեզ վերաբերվեն որպես այս հասարակության լիիրավ մի մաս, ընդունեն, որ մենք էլ ենք մտածում այս երկրի տնտեսության, սոցիալական հարցերի, կրթության ու ընտանիքի հանդեպ պետական քաղաքականության մասին»։

Հաղորդելով տեղեկությունը` գերմանական Deutsche Welle-ն հիշեցնում է, որ երկու տարի առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Գերմանիայում` թուրքական համայնքի հետ հանդիպմանը կոչ էր արել հայրենակիցներին ամեն գնով պահպանել ինքնությունն ու մասնակցել Գերմանիայում որոշումների ընդունման գործընթացին։ «Գրեթե նույն ձեւակերպումներով այս օրերին Գերմանիայում հանդես է գալիս նաեւ մահմեդական կուսակցության ղեկավար Հալուք Յըլդըզը», - ընդգծում է Deutsche Welle-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG