Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, շուրջ 6 հազար ընտանիքներ դատարան են դիմում ապրիլի 1-ից գազի սակագները բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու հայցով։

Հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշմամբ բնակչությանը մատակարարվող 1 խորանարդ մետր գազի սակագինը սահմանվել է 132 դրամ` նախկին 96-ի փոխարեն:

Հայցը դատարան կներկայացվի մինչեւ ապրիլի 7-ը։ Դատարան դիմող կողմը համոզված է, որ հանձնաժողովի որոշումը հակասում է օրենսդրությանը: Մտահղացման հեղինակներից փաստաբան Վահե Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մատնանշեց, որ, մասնավորապես, խախտված է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի 5-րդ հոդվածը, որտեղ սահմանված են կարգավորման հիմնական սկզբունքները։

«Սպառողների եւ կարգավորվող անձանց շահերի հավասարակշռման սկզբունքը ընդհանրապես հաշվի չի առնվել», - մանրամասնեց փաստաբանը, - «առաջնայնությունը տրվել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության շահերին։ Այսինքն՝ հավասարակշռում պետք է լիներ սպառողի եւ կարգավորվող անձի միջեւ։ Տվյալ դեպքում կարգավորվող անձը, ըստ էության, իր նպատակին հասավ, գները բարձրացվեցին, սակայն սպառողները մնացին նույն կոտրած տաշտակի առաջ»։

Վահե Հովսեփյանի փոխանցմամբ, օրենսդրության հետ այլ հակասություններ եւս կան, որոնց մասին նա առայժմ հարկ չի համարում խոսել։

Փաստաբանը բացառում է իրենց հայտի մերժումը դատարանի կողմից. - «Իսկ հայցադիմումը վերադարձնելու հետ կապված` մենք աշխատում ենք, որ բացառենք այն թերությունները, որոնք դատարանին հիմք կտան հայցադիմումը վերադարձնելու համար: Դրանք զուտ տեխնիկական խնդիրներ կարող են լինել, քանի որ հայցվորների թիվը մեծ է»։

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գազի գնի 40 տոկոս թանկացումը անհիմն է, եւ որքան շատ են ոլորտն ուսումնասիրում, այնքան շատ խախտումներ են տեսնում։

«Մինչեւ հիմա պարզ չէ մեզ, թե ինչ փաստաթղթերի հիման վրա է Հանրային հանձնաժողովը որպես հիմք ընդունել «ՀայՌուսգազարդ»-ի կողմից ներկայացված դիմումը, որի հիման վրա էլ նրանք որոշել են բարձրացնել [սակագինը] 40 տոկոս։ Ես տեղյակ եմ, որ այդ փաստաթուղթը չկա», - պնդեց Խաչատրյանը։

Գազի սակագների բարձրացման շուրջ մտահոգություններ է հայտնում նաեւ խորհրդարանական ընդդիմադիր ուժերից Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խումբը առաջիկա օրերին իր հարցադրումներն է ներկայացնելու կառավարությանը։

«Մասնավորապես, կարո՞ղ է այսօր կառավարությունը երաշխավորել եւ ցույց տալ մեխանիզմները, որ Հայաստանում ստվերային գազ չի մտնում։ Որովհետեւ, ի վերջո, ստվերի դիմաց վճարողը հասարակ քաղաքացին է», - Դաշնակցության մտահոգությունները ներկայացրեց Մինասյանը. - «Երկրորդ կարեւոր հանգամանքը՝ ինչպիսի՞ կոնկրետ քաղաքականություն է կառավարությունը իրականացնում իբրեւ [«ՀայՌուսգազարդ»-ի] 20 տոկոսի բաժնետեր, որպեսզի Հայաստանում ներմուծված գազը եւ դրա շրջանառությունը առավել շատ օգուտ բերի երկրի ազգաբնակչությանը»։

Կառավարության գրավոր պատասխանները ստանալուց հետո Դաշնակցությունը մտադիր է դրանք քննարկման դնել խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում եւ նախապատրաստել Ազգային ժողովի որոշման նախագիծ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG